Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելման գործում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հանրային վերահսկողության կարևոր բաղադրիչ է։ Այդ նպատակով դեռևս 2021 թվականին գործարկվել է «Road Control» հավելվածը, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից՝ հեռախոսի միջոցով, արձանագրելու ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումներ։ Ներկայումս հավելվածից օգտվում է շուրջ 6000 քաղաքացի, որոնցից ավելի քան 1200-ը ամսական առնվազն մեկ խախտում արձանագրող ակտիվ օգտատերեր են։
«Քաղաքացին բջջային հավելվածի միջոցով տեսանկարահանելու և լուսանկարահանելու հնարավորություն ունի։ Տեսանկարահանման միջոցով կարող է արձանագրել լուսացույցի պահանջի, հանդիպակաց երթևեկության, հակադիր հոսքերն իրարից բաժանող հոծ գծի, կանգառի և կայանման կանոնների խախտումներ։ Կանգառի և կայանման կանոնների խախտումների դեպքում տեսանյութի տևողությունը պետք է լինի մեկ րոպե մեկ վայրկյան, իսկ լուսացույցի պահանջի կամ հանդիպակաց երթևեկության կանոնների խախտումների դեպքում նշված տևողությունը պարտադիր չէ։ Պետք է տեսանելի լինի տրանսպորտային միջոցի մակնիշը և ընթեռնելի լինի հաշվառման համարանիշը»,– ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչության տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արսեն Կարապետյանը։
Մինչ օրս հավելվածի միջոցով ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում մշակվել է 23 773 իրավախախտում, մերժվել՝ 63 814-ը։
«Քաղաքացիների կողմից ուղարկված նյութերն ուսումնասիրելուց հետո, եթե պարզվում է, որ տեսանյութը թերի է, տրանսպորտային միջոցի համարանիշներն ընթեռնելի չեն կամ տեսանյութի տևողությունը պակաս է 61 վայրկյանից, ապա նյութը մերժվում է, և հնարավոր չէ կազմել որոշման նախագիծ»,– նշում է Արսեն Կարապետյանը։
Հավելվածի կիրառումն արդեն իսկ տվել է կանխարգելիչ արդյունք։ Քաղաքացիների կողմից նույն վայրում խախտումների շարունակական արձանագրման արդյունքում փոխվել է վարորդների վարքագիծը․ Երևանի որոշ փողոցներում նախկինում ոչ զուգահեռ կայանող վարորդներն այժմ նույն հատվածում կայանում են սահմանված կարգով։
«Օրինակ՝ Երևան քաղաքի Կորյունի փողոցում վարորդները տրանսպորտային միջոցները կայանում էին երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ, իսկ նկարահանումներից հետո՝ ստանալով իրավախախտումների մասին տեղեկատվությունը, նշված հատվածում քաղաքացիներն այլևս չեն կայանում երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ։ Սա ցույց է տալիս, որ քաղաքացիների հետևողականության շնորհիվ երթևեկության մյուս մասնակիցների մոտ վարքագիծ է ձևավորվում, և նրանք իրավախախտումներ թույլ չեն տալիս»,– նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչության տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչը։
Քաղաքացիների նույն մոտեցումն արդյունք է տվել նաև մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի և Սամվել Սաֆարյանի փողոցներում․ նախկինում ոչ զուգահեռ կայանման դեպքերով աչքի ընկնող հատվածներում այժմ վարորդները կայանում են երթևեկելի մասին զուգահեռ։
Հավելվածից օգտվելու համար քաղաքացիները կարող են ներբեռնել այն App Store կամ Google Play հարթակներից, գրանցվել՝ լրացնելով պահանջվող անձնական տվյալները։ Գրանցումը հաստատվում է հեռախոսահամարին ուղարկված վեցանիշ կոդի միջոցով։ Այնուհետև օգտատերը կարող է ընտրել խախտման արձանագրման համապատասխան եղանակը, նշել խախտման տեսակը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։
Արսեն Կարապետյանի խոսքով՝ կարևոր է իմանալ, որ իրավախախտում կատարած անձի տվյալները երրորդ անձանց չեն տրամադրվում, և դրանց գաղտնիությունը երաշխավորված է։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ քաղաքացիներին՝ ակտիվորեն օգտվել հավելվածի ընձեռած հնարավորություններից՝ նպաստելով անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորմանը։













