ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։
Օպերատիվ տվյալներն իրացնելիս, մաքսանենգության դեմ պայքարի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության շրջանակում, զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։ Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 247 հազար 100 տուփ ծխախոտ:
Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր՝ 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։
Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։













