Ադրբեջանի նախագահն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլին։ Կողմերն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են։ Քննարկվել են քաղաքական, տնտեսական, ներդրումների, բիզնեսի, էներգետիկայի, կապի և այլ ոլորտներում գործակցության հարցեր։ Նշվում է, որ, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել Ադրբեջան-ԵՄ կապերի հեռանկարին։
Տարածաշրջանային այցերին ընդառաջ Վադեֆուլը հայտարարել էր, որ Մոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը, և որ տարածաշրջանն այժմ պատմական հնարավորություն ունի հաղթահարելու պատերազմների և բռնության դարաշրջանը։
«Ռուսաստանը փորձում է պահել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Սակայն Ռուսաստանի հարևանների և Եվրոպայի մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Եկել է նրանց ձայնը լսելու և նրանց շահերը հաշվի առնելու ժամանակը», – նշել է Յոհան Վադեֆուլը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս նման սցենարը, ինչի մասին վկայում է նաև Ուկրաինայի դեմ մղվող պատերազմը։ «Այն, ինչ երկար ժամանակ գրեթե անհնարին էր թվում, այժմ տեսանելի ապագայում դառնում է իրագործելի։ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորությունը պետք է օգտագործվի», – շեշտել է գերմանացի դիվանագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաջություն և պատասխանատվություն են դրսևորել և նախաստորագրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ «Բեռլինը պատրաստ է լինել հուսալի գործընկեր։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմաններն օգտակար կլինեն ոչ միայն այդ տարածաշրջանի բնակիչների, այլև ամբողջ Եվրոպայի համար», – եզրափակել է Վադեֆուլը։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։












