ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել նոյեմբերի 1-ին։
«Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտ՝ Աշտարակի խճուղում, կոտրել էին կայանված «Ման» մակնիշի մեքենայի ծածկոցի փականը և գողացել երկու մարտկոց, երկու մարտկոց էլ հանել-տարել էին նույն խճուղում կայանված «Կամազից»։ Եվս մեկ հաղորդում ստացվեց նոյեմբերի 7-ին։
Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն հայտնեց, որ Եղվարդում կայանված իրենց թրթուրավոր էքսկավատորից գողացել են երկու մարտկոց։ Համադրելով փաստերը և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Նաիրիի համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ հավաստի տեղեկություն, որ այս գողությունները կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցի բնակիչ 28-ամյա մի տղամարդ։
Նա ձերբակալվեց, տեղափոխվեց Նաիրիի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին։ Նա ընդունեց, որ այդ օրերին ինքն է գողացել նաև Երևանի Միկոյան փողոցում կայանված մեքենայի մարտկոցներն ու տարաներով դիզվառելիքը, Վանաձորի Մոսկովյան փողոցում կայանված ավտոկռունկի և «Վոլվո» մակնիշի մանիպուլյատորի երկուական մարտկոցները։ Հիշյալ գողոնների մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։













