Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ հուլիս-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մեր երկրում զբոսաշրջային հոսքերի անկում է արձանագրվել:
Մասնագետները, սակայն, վաղաժամ են համարում եզրակացություններ անելը: Հստակ գնահատական կարելի է տալ միայն ամբողջական տարվա վիճակագրության ամփոփմամբ:
Հակառակ պաշտոնական վիճակագրության, զբոսաշրջային ընկերությունները ակտիվություն են նկատում, փորձագետներն էլ մատնացույց են անում, որ գուցե շատ զբոսաշրջիկներ երկարաժամկետ են եկել, դեռ չեն հեռացել, ուստի առայժմ վիճակագրության մեջ արտացոլված չեն:
Համենայն դեպս, օտարերկրյա քաղաքացիների մուտքերի և ելքերի դրական հարաբերությունը այդ մասին է վկայում: Հյուրանոցային, ռեստորանային բիզնեսը ևս աճ է արձանագրել, ինչը անտրամաբանական կլիներ տուրիզմի անկման դեպքում: Իհարկե, ոլորտի մասնագետները հնարավոր անկման օբյեկտիվ պատճառներ տեսնում են՝ Հայաստանն այլևս մատչելի ուղղություն չէ. ծառայությունները թանկացել են, երբեմն՝ չհիմնավորված, այդուհանդերձ, իրական անկման մասին խոսելը դեռ շատ վաղ է, հատկապես, որ սեպտեմբերի պաշտոնական վիճակագրությամբ 27 տոկոսի աճ է եղել։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան












