Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը, խոսքն ուղղելով առողջապահության նախարարին, տեղեկացրեց, որ Էջմիածնի ամենամեծ հիվանդանոցը սկզբում կիսով չափ ապամոնտաժվել էր, հետո ամբողջությամբ ապամոնտաժվեց՝ նոր շենք կառուցելու համար, բայց արդեն 3 տարի է՝ գործը տեղից չի շարժվում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ մոտ ապագայում շինարարական աշխատանքներ նախատեսվո՞ւմ են:
Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ նախատեսվում է Էջմիածնում ունենալ բազմաֆունկցիոնալ ԲԿ, բայց նախագիծն ի սկզբանե վերակառուցման էր, այսինքն՝ պետք է եղած ենթակառուցվածքը վերակառուցվեր և հավելյալ մասնաշենք ավելացվեր:
«Շինարարության ընթացքում վերակառուցման ենթակա հատվածը փլվել է, և մենք առնչվել ենք մի իրավիճակի, երբ վերափոխել ենք վերակառուցման նախագիծը լրիվ նոր, զրոյից կառուցվող, ամբողջական, մեծ համալիրի: Սրա հետ է կապված, որ արդեն նոր նախագիծը փորձաքննությունների շրջափուլում է, այն շուտով կավարտվի, կհանձնվի, և կհրապարակվի շինարարության մրցույթը:
Մինչ այդ էլ, որպեսզի մեր քաղաքացիների բժշկական ծառայությունները մատուցվեն պատշաճ պայմաններում, մենք այս պահին եղած ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում: Մանկական բաժանմունքը, վերակենդանացման բաժանմունքը, վիրաբուժական հատվածն այս պահին ավարտական փուլում են, որովհետև նման մեծ կառույց ստեղծելու համար մեզ դեռ 2-3 տարի անհրաժեշտ կլինի, քանի որ նախագծել ենք բավականին նորարարական, շատ ավելի լայն ծառայությունների շրջանակ իր մեջ ներառող ԲԿ:
Մինչ այդ այս վերանորոգմամբ կապահովենք պատշաճ պայմաններ, մինչև կունենանք լրիվ նոր ԲԿ»,- ասաց նախարարը:











