Ազգային ժողովի նիստերի դահլիճում վիճաբանություն և հրմշտոց տեղի ունեցան այն բանից հետո, երբ ամբիոնին մոտեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, որն իր ելույթը սկսեց այսպես. «ԱԺ նախագահի ընտրության հարցը օրակարգում չունենալն արդեն դառնում է շատ վտանգավոր Ազգային ժողովի բնականոն գործունեության համար, և, ցավոք սրտի, այն օրակարգում ընդգրկված չէ»:
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի նախագահի պաշտոնավարման ընթացքում տեղի է ունեցել «ապօրինությունների շարք՝ նախ, որ ԱԺ նախագահը հրաժարվում է կատարել իր պարտականություններից, այն է՝ մասնակցել ԱԺ նիստերին, նախագահել նիստերը, բացի դրանից, կայացնում է ապօրինի որոշումներ»։
ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց ելույթը՝ նշելով, որ Ղազարյանի հայտարարությունները չեն վերաբերում օրակարգին, և ինքը ստիպված է անջատել նրա խոսափողը։
«Եթե պարոն Ղազարյանը հիմա կխոսի օրակարգի մասին, ես միացնում եմ խոսափողը։ Եթե չի խոսելու օրակարգից, անջատված է մնում»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։
Չնայած խոսափողի անջատմանը՝ Էդգար Ղազարյանը շարունակեց ելույթը՝ պնդելով, թե Ռուբինյանն իրավունք չունի անջատելու իր խոսափողը, ինչին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը հորդորեց նրան լքել ամբիոնը։
«Ելույթները պետք է լինեն օրակարգի մասին»,- պնդեց ԱԺ նախագահը, ինչին Ղազարյանը հակադարձեց՝ պնդելով, թե Ռուբինյանը չի կարող կամակորություն անել, և պահանջեց վերականգնել իր 2 րոպեն:
Դրանից հետո ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց, պատգամավորները սկսեցին հրմշտել և քաշքշել միմյանց:
Ռուբինյանն ընդհատեց ԱԺ նիստը և հայտարարեց ընդմիջում:
Ընդմիջումից հետո ԱԺ նախագահը հորդորեց գործընկերներին օրակարգից չշեղվել:
«Դա իմ սպեցիֆիկ ցանկությունը չէ: Նախ՝ դա կարգավորված է ԱԺ կանոնակարգ օրենքով և երկրորդ, դա նրա համար է, որ երբ մարդիկ շեղվում են օրակարգից, դա խաթարում է նիստը: Հուսով եմ՝ բոլորդ պարպեցիք ձեր էմոցիաները»,- ասաց Ռուբինյանը:









