Հայաստանը չի դիմանա սպառազինությունների մրցավազքին՝ չնայած Արևմուտքի օգնությանը. Ալիև

ԴԴիանա Գասպարյան

Ադրբեջանի նախագահը հարցազրույց է տվել ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովին, հերթական անգամ բողոքել, որ Հայաստանը և Ֆրանսիան գործակցում են պաշտպանական ոլորտում: Նա նշել է, որ 2025 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կլինի ռեկորդային՝ ավելի քան 5 միլիարդ դոլար: «Հայաստանը չի դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին, թեև հարձակողական զինատեսակների մեծ մասը նրանց տրվում է անվճար կամ վարկով»,- ասել է Ալիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանը մտադիր է զենք գնել Ռուսաստանից, սակայն հասկանալի պատճառներով այդ գործընթացը ժամանակավորապես կասեցվել է: «Բաքուն ուշադիր հետևում է ռուսական ռազմարդյունաբերության նորություններին»,- ընդգծել է նա:

Ալիևի խոսքով՝ Հայաստանին ռազմական մատակարարումները իրական սպառնալիք են Ադրբեջանի համար, ինչի նկատմամբ հնարավոր չէ անտարբեր մնալ, դրանք խանգարում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի երկու կետ դեռ համաձայնեցված չէ, առաջինը վերաբերում է փոխադարձ միջազգային դատական հայցերից հրաժարվելուն, մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայմանը:

Ալիևն անդրադարձել է Մոսկվա-Բաքու գործակցությանը, հայտարարել՝ Ադրբեջանը սպասում է ռուսական ներդրումների Ղարաբաղի վերականգնման համար։ Նա հավելել է, որ Թաթարստանն արդեն ներդրումային նախագիծ է իրականացրել:

Իլհամ Ալիևը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին լուրերը, դրանք որակել քաղաքական շահարկում։ «Դրա կարիքը չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևը հավելել է, որ երկու երկրի միջև ավելի քան 30 տարվա ռազմական գործակցության ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Բաքուն Անկարայի շնորհիվ հասել է «ռազմական գործողությունների արդյունավետության բարձր մակարդակի»։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում