ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթում է հանրապետական Դոնալդ Թրամփը

ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթում է հանրապետական Դոնալդ Թրամփը։ Ձայների հաշվարկը շարունակվում է, սակայն տարբեր կենտրոնների հաշվարկները ցույց են տալիս, որ նա հաղթել է բավարար թվով նահանգներում և անհրաժեշտ 270-ից ավելի ընտրիչի ձայներ: Թրամփի հաղթանակի հարցում մեծ դերակատարում ունի այսպես կոչված «տատանվող» 7 նահանգում գրանցած հաջողությունը:

Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների հավաքին հանդես է եկել առաջին ելույթով՝ շնորհակալություն հայտնելով ամերիկացիներին իրենց ձայների համար: «Եկեք Ամերիկան կրկին հզոր դարձնենք»,- ասել է նա։ Նախագահական մրցավազքում իր արդյունքը Թրամփն անվանել է «քաղաքական հաղթանակ, որն աննախադեպ է ԱՄՆ պատմության մեջ»: Թրամփը խոստացել է, որ իր կառավարումը կլինի «իսկապես ոսկե դարաշրջան» ԱՄՆ պատմության մեջ: Նա խոստացել է վերջ տալ պատերազմներին:

Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահն արդեն ստացել է առաջին շնորհավորանքը: Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն առաջին օտարերկրյա ղեկավարն է, որը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ X-ի իր էջում նրան անվանելով «ընտրված նախագահ»։ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նույնպես շնորհավորել է Թրամփին և վստահեցրել, որ հանրապետականները պատրաստ են նպաստել նրա ծրագրի իրագործմանը: Թրամփին շնորհավորել է նաև Հունգարիայի վարչապետը: Վիկտոր Օրբանը նշել է, որ սա ամբողջ աշխարհի համար անհրաժեշտ հաղթանակ է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորելով Թրամփին՝ նշել է, որ պատրաստ է նախկինի պես համագործակցել նրա հետ՝ հանուն խաղաղության և բարգավաճման:

Քամալա Հարիսի ընտրարշավի համանախագահ Սեդրիկ Ռիչմոնդը հայտնել է, որ գործող փոխնախագահը դեռևս ձեռնպահ կմնա աջակիցներին ուղերձ հղելուց:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում