ԱԱնժելիկա Ժամհարյան

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ընթացքի մեջ է

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ընթացքի մեջ է

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ Կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ներկայացնելով ծրագրի ընթացքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել 18 դպրոցի կառուցման և վերակառուցման, 26 դպրոցի մարզադահլիճների կառուցման, վերանորոգման և մարզագույքով ապահովման, 60-ից ավելի նախադպրոցական ուսումնական հաստատությունների շահագործման աշխատանքները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելը՝ հասնելու Կառավարության սահմանած նպատակին՝ մինչև 2026 թվականն ունենալ կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ։

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և նախագծման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են աշխատանքային, միջգերատեսչական քննարկումներ հետագա քայլերի շուրջ. «Այս պահին հաստատվել են Սյունիքի մարզի կրթահամալիրները, ընթացքի մեջ են Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում համապատասխան աշխատանքները: Ծրագրի շառավիղը լայն է և ռազմավարական կարևոր նշանակություն ունի, քանի որ աշխատանքները կատարվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերի տասնյակ համայնքներում, իսկ ֆինանսավորումն իրականացվում է տարբեր աղբյուրներից՝ պետական բյուջե, սուբվենցիոն և դրամաշնորհային ծրագրեր, վարկային միջոցներ»:

Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարության կարևորագույն նպատակն է ուսումնական հաստատություններում ապահովել անվտանգ, հագեցած և արդիական միջավայր և ռեսուրսներ։ Ծրագրի բաղադրիչներից մեկը՝ գույքային հագեցվածության ապահովումը, առաջնայինն ուշադրության ներքո է։

Կրթության որակի բարելավման առումով հատկապես կարևոր է համարվում հանրապետության բոլոր դպրոցներում ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաների ստեղծումը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:

«ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում իրականացվել է նախադպրոցական, դպրոցական կրթական ծառայության կարիքի որոշում, կատարվել են շենքերի տեղազննում, անհրաժեշտ գույքի ցանկի ճշգրտում, տրանսպորտային երթուղիների քարտեզագրում, նախագծային փաստաթղթերի մշակման մրցույթներ, քննարկվել է նաև ծրագրի ֆինանսական բաղադրիչը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ դպրոցաշինական լայն ծրագրերում պատասխանատվության և պարտավորության բաժիններ ունեն պետական մի շարք գերատեսչություններ՝ տարածքային մարմիններ, Քաղաքաշինության կոմիտեն։

ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակվել է նաև դպրոցական գույքի օրինակելի ցանկ՝ տեխնիկական բնութագրերով, որն առավել չափելի կդարձնի նոր դպրոցների համար գույքի ձեռքբերման գործընթացը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում