Տարեսկզբից մինչև օրս ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկվել է մոտ 30 տոկոսով

ՎՎահե Դավթյան

Տարեսկզբից մինչև օրս ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկվել է մոտ 30 տոկոսով, գրեթե նույն պատկերն է ռուբլի-դոլար և եվրո հարաբերակցությունը: Հայաստանի կենտրոնական բանկի օգոստոսի 7-ի տվյալով 1 ռուբլին արժե 4 դրամ, նախորդ տարվա նույն օրն այն արժեր 6 դրամ 71 լումա, տվյալ դեպքում արժեզրկումը գերազանցում է 40 տոկոսը: Մասնագետների խոսքով՝ պատճառները Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցներն են, նաև նավթի գնի սահմանված առավելագույն շեմը ու Ռուսաստանից նավթի արդյունահանման ծավալների նվազումը: Դրանց հետևանքով արտարժույթի մուտքերը ՌԴ բավականին նվազել են:

Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Ռուսաստանը պետք է իրականացներ  ներմուծվող ապրանքների փոխարինման քաղաքականություն: Ըստ էության, կարճ ժամկետում չի հասցրել իրականացնել այդ քաղաքականությունը, ներմուծվող ապրանքները չեն փոխարինվել, պահանջարկը հսկայական է ներմուծման, և այդ պատճառով արտարժույթի նկատմամբ պահանջարկը նույնպես մեծ է, որն ըստ էության արժեզրկում է ռուսական ռուբլին:

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը ռուբլու այս արժեզրկումը համեմատում է 2014 թվականի՝ Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունների հետևանքով առաջ եկած ֆինանսական ճգնաժամի հետ և գնահատում դրանց ազդեցությունը մեր երկրի վրա:

Արտակ Մանուկյան (ՀՀ ԿԲ խորհրդի անդամ) - Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանի շուկայից շատ ավելի մեծ էր, քան հիմա է, և դա թույլ է տալիս մեզ խոսել էն հանգամանքի մասով, որ, իհարկե, ռիսկեր կլինեն, բայց դրանց ազդեցության խողովակները շատ թույլ են: Օրինակ՝ եթե մենք դիտարկենք դրամական փոխանցումները և նախկինում ՀՆԱ-ի մեջ ունեցած այդ դրամական փոխանցումների մեջ հատկապես ՌԴ մասնաբաժինը, դա մի քանի պատիկ նվազել է, և սա խոսում է այն մասին, որ այդ ազդեցության հետևանքները շատ ավելի մեղմ կլինեն, քան նախկինում էր:

Ռուբլու արժեզրկման հետևանքով հիմնականում տուժում են արտահանողները և Ռուսաստանից եկամուտ ստացող քաղաքացիները՝ նշում է Արտակ Մանուկյանը:

Արտակ Մանուկյան - Այն մարդիկ, ովքեր ռուսական ռուբլով փոխանցումներ էին իրականացնում ՌԴ-ից դեպի Հայաստան, հասկանալի է, որ նրանց գնողունակությունը որոշակիորեն կընկնի, ինչը որոշակի բացասական ազդեցություն կունենա ամբողջական պահանջարկի վրա: Բայց մենք մի կտորի մասին ենք խոսում: Չմոռանանք, որ այնտեղ մենք այլ գործընկերներ ունենք, և ՌԴ-ից կախվածությունը մեր տնտեսության վրա թուլացել է:

Սոս Խաչիկյանի խոսքով՝ հենց արժեզրկման տեմպերի թուլացման համար շաբաթներ առաջ Ռուսաստանի կենտրոնական բանկը 2022-ի փետրվարից ի վեր առաջին անգամ որոշեց հիմնական տոկոսադրույքը բարձրացնել՝ 7,5-ից դարձնել 8,5: Նախորդ տարվա փետրվարին 20 տոկոսի էին հասցրել, սակայն մինչև սեպտեմբեր աստիճանաբար նվազեցվել և հասցվել էր 7,5 տոկոսի:

Սոս Խաչիկյան - ՌԴ-ն, բնականաբար, որոշակի միջոցներ կկիրառի արժեզրկման տեմպերը թուլացնելու նպատակով: Կարծում եմ՝ արժեզրկումը կպահպանվի, գուցե վերջին ամիսների նման ոչ բարձր տեմպերով, բայց արժեզրկում այնուամենայնիվ տեղի կունենա:

Ռուսական ֆինանսավերլուծական կառույցների մի շարք փորձագետներ ՌԿԲ-ի հետ զրույցում հայտարարել են՝ չկան գործոններ, որոնք կնպաստեն ռուբլու երկարաժամկետ թուլացմանը և առաջիկա ամիսներին կանխատեսել են ռուբլու արժևորում:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում