Ալիևը հավաստիացրել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու միտում չունի. Իրանի ԱԳ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

ԶԵՆՔՈՎ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ

Ալիևը հավաստիացրել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու միտում չունի: Հայաստանի գործընկերոջն իր երկրում հյուրընկալելիս հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հավելեց՝ Իրանն էլ չի ցանկանում փակել Ադրրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը: Երկրի գլխավոր դիվանագետը շեշտեց՝ Իրանը ողջունում է խաղաղության օրակարգով ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները: Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Աբդոլլահիանը հայտարարեց՝ զենքով հարցեր լուծելու ժամանակն անցել է, բանակցություններն են ճանապարհը, ընդ որում` առանց արտաքին ուժերի ներգործության:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան (ԻԻՀ ԱԳ նախարար) - Հարավային Կովկասը չպետք է դառնա դրսի ուժերի մրցակցության հարթակ, նրանց միջամտությունն ավելի է հետաձգելու խաղաղության հաստատումը: Կարծում ենք, որ բանակցություններում պետք է հաշվի առնել երկու կողմերի շահերն էլ: Դժբախտաբար, դրսի որոշ դերակատարներ Հարավային Կովկասի իրավիճակն օգտագործում են իրենց նպատակների համար: Իրանը ողջունում է 3+3 ձևաչափով գործակցությունը տարածաշրջանի երկրների միջև, Թեհրանը ջանք չի խնայելու, որ նաև Հայաստանն ու Ադրբեջանը ներառող այդ ձևաչափը կայանա:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԻՐԶՈՅԱՆ

Քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը, վերահաստատեց Արարատ Միրզոյանը, նշեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Երևանի համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար:

Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան։

ԱԳ նախարարն ընդգծեց` այսօր ականատես ենք լինում սցենարին, որի մասին Հայաստանը նախազգուշացնում էր յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի մարդասիրական ճգնաժամ է:

Արարատ Միրզոյան - Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, վերահաստատվեց հուլիսի 6-ին։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։

ԲԱՐՁՐ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ. ՄԻՐԶՈՅԱՆ

Նախարար Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Արարատ Միրզոյան - Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ԻՐԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Երկկողմ օրակարգում քաղաքական ու անվտանգային հարցերից զատ, նաև տնտեսական գործակցության հեռանկարներն են քննարկվել: Հոսեյն Ամիր Ադբոլլահիանը հիշեցրեց Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու մտադրության մասին, ասաց՝ հաջորդ թիրախը 3 մլրդ-ն է լինելու: Արարատ Միրզոյանը շեշտեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարևորությունը:

Երևանում, որն իր դեպ այս տարվանից Թեհրանի քույր քաղաքն է, բարեկամներին միշտ են սպասում, ասաց Արարատ Միրզոյանը, խոսքը եզրափակեց Իրանի նախագահին Հայաստան հրավիրելու վարչապետի առաջարկը հիշեցնելով:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում