Էրեբունու բնակիչները շարունակում են վճարել ջրի համար, որը նախընտրում են չխմել

ԼԼիլիթ Ասատրյան

Նաիրա Բաբայան (Էրեբունի վարչական շրջանի բնակիչ) - Առավոտյան ջուր եմ պատվիրել, առցանց եմ պատվիրել, կարող եմ ցույց տալ, որ առավոտյան պատվերն ա, որ աման լվանամ, ինչի՛ համար ես պետք ա էսքան ջրի համար գումար վճարեմ, համ էսքան լրացուցիչ փող տամ:

Մեկ շաբաթվա ընթացքում չորսից ավելի անգամ Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարման դադարեցումներ են եղել: Բնակիչները դժգոհում են ոչ միայն անջատումներից, այլև ջրի որակից: Ասում են՝ այն պարզապես խմելու չէ:

Զարուհի Պետրոսյան (Էրեբունի վարչական շրջանի բնակիչ) - Վթարից հետո միացրել են ջուրը, ճիշտ ա, ջուրը շատ ուժեղ էր գալիս, բայց ջուրը ահավոր էր, թեյնիկի մեջ որ եռացնում ենք, ինքը դեղնում էր:

Պատասխաններ փնտրելով՝ Էրեբունի վարչական շրջանի մի խումբ բնակիչներ հավաքվել էին «Վեոլիա ջրի» Էրեբունի տեղամասի մոտ, սակայն արդյունք չեղավ:

Լուիզա Գևորգյան (Էրեբունի վարչական շրջանի բնակիչ) - Որ սա խմելո՞ւ ենթակա ջուր ա, ու էս հարցը իրենց եմ ուղղել, իրենք ասում են՝ զանգահարեք 1-85, բայց եթե զանգում ես, էնտեղ մարդ չկա, կամ պատասխանելուց էլ էնպես են կոպտում, որ էլ չես ուզում տվյալ համարը հավաքես: Իսկ կոնկրետ մեր տան ջուրը՝ սոդայի պես, էլի նկարը կա, նստվածք ա տալիս ու ամբողջովին սպիտակած ա:

Բնակիչները դժգոհությունների վերաբերյալ «Լուրերը» լսեց «Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանի պարզաբանումը: Ըստ նրա՝ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարարների շտկման համար տարվող աշխատանքով:

Մխիթար Գալստյան («Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն) - Ամսի 10-ին Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարման դադարը պայմանավորված է եղել Արարատյան պոմպակայանում առաջացած խնդիրների հետ, որը վերականգնվել է ժամը 15:00-ի սահմաններում, և մինչ այս ջրամատակարարումը վարչական շրջաններում իրականացվում է համաձայն նախապես հաստատված գրաֆիկի:

«Վեոլիա ջուրն» ընդունում է նաև, որ ջրի որակն առաջվանը չէ, աղբյուրն են փոխել, բայց պնդում է՝ դրանից ջուրը ոչ խմելի չի դարձել:

Մխիթար Գալստյան - Էրեբունի վարչական շրջանում շուրջ 9 ամիս ջրամատակարարումը իրականացվում է Գառնու ջրաղբյուրներից: Ամռան ամիսներին, եղանակի շոգ լինելու պատճառով, պայմանավորված ջրի սպառման ծավալների մեծացմամբ, ջրամատակարարումը իրականացվում է Արարատյան խորքային հորերից, որը իր ֆիզիկաքիմիական հատկանիշներով զիջում է Գառնու ջրաղբյուրին, բայց լիովին համապատասխանում է սանիտարական նորմերին, խմելու ջրի պահանջներին:

Բնակիչները, սակայն, ասում են ՝ ջրի պատճառով շատերի մոտ առաջացել են փորլուծություն, թունավորում, աչքերի բորբոքում:

Թամարա Ավետիսյան (Էրեբունի վարչական շրջանի բնակիչ) - Հիմա, էս պահին, տղաս ստամոքսի ցավով տանը նստած է և գործի չի գնացել:

«Վեոլիա ջրից» «Լուրերին» հայտնում են, որ Էրեբունի վարչական շրջանի ջուրը պարբերաբար փորձաքնննության է ենթարկվում: Մինչև այս պահը խնդիրներ չեն հայտնաբերվել:

Մխիթար Գալստյան - Մեր ընկերության կողմից պարբերաբար՝ երկու ժամը մեկ անգամ, իրականացվում է խմելու ջրի լաբորատոր նմուշառում, հենց Էրեբունի վարչական շրջանից և բոլոր վարչական շրջաններից: Ցանկացած շեղումների դեպքում համապատասխան կարգով տեղեկացվում է պատասխանատու մարմիններին, և ջրամատակարարումը դադարեցվում է, Էրեբունի վարչական շրջանում նման խնդիր չունենք:

Ըստ «Վեոլիա ջրից» ստացած տեղեկության՝ այս տարվա սեպտեմբերի սկզբին Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարումը կրկին կիրականացվի Գառնու ջրաղբյուրից, դա, հավաստիացնում են, կնպաստի ջրի որակի լավացմանը: Մինչ այդ Էրեբունու բնակիչները շարունակում են վճարել ջրի համար, որը նախընտրում են չխմել:

Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում