Այս տարի օձերի վերաբերյալ 320 ահազանգ է ստացվել

ՄՄանե Գևորգյան

Վերջին օրերին օձերի վերաբերյալ ահազանգերի ակտիվացումը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ: Որպես սողունների ակտիվացմանը նպաստող գործոն՝ մասնագետները նշում են շինարարությունների ոչ գրագետ կազմակերպումը, որի հետևանքով հաճախ տուժում է կենսաբազմազանությունը: Թունավոր օձի խայթոցի դեպքում էլ առաջին գործողությունը բուժհաստատություն դիմելն ու պատվաստանյութ ստանալն է:

 

Այս տարի Փրկարար ծառայությունը օձերի վերաբերյալ ավելի քան 320 ահազանգ է ստացել, հայտնաբերվել է 158 oձ, 27-ը՝ թունավոր: Միայն Երևանից 140 ահազանգ է ստացվել:

Արսեն Մկրտչյան (ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ) - Կենտրոնում էլ ա եղել. հիմնականում ծայրամասերում ա հանդիպում, բայց Կենտրոնում էլ ա եղել, Նորքի զանգվածներում էլ ենք ունեցել զանգեր. հիմնականում այգիներում, սեփական տների բակերում:

Օձեր նկատելու դեպքերի քանակով երկրորդը Կոտայքն է՝ 53, ապա Արարատը՝ 31 ահազանգ: Հունիսի առաջին տասնօրյակում ամբողջ հանրապետությունից 140 ահազանգ է եղել: Արսեն Մկրտչյանը վերջին օրերին օձերի ակտիվացումը պայմանավորում է ջերմաստիճանի բարձրացմամբ: Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ուրբանիզացման, շինարարությունների թվի ավելացումն է առանձնացնում:

Սիլվա Ադամյան (բնապահպան) - էն շինարարությունը, որ կատարվում ա քաղաքում, պետք ա շատ մտածված կատարվի: Էն գոտիները, որտեղ ունենք կենսաբազմազանություն, էն գոտիները, որտեղ դեռ մնացել են կանաչ տարածքները, պետք է պահպանվեն, իրականում էդ ամեն ինչը կարծես թե չի արվում:

Ահազանգերով հայտնաբերված սողունների մեծ մասը թունավոր չի եղել։ Թունավոր օձի խայթոցի դեպքում տուժածին անհրաժեշտ է անմիջապես հասցնել մոտակա բուժկենտրոն: Մինչև այդ անհրաժեշտ է նաև առաջին օգնության մի քանի կանոնի հետևել:

Նունե Իսրայելյան (ՆԳՆ բուժապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի ավագ հրահանգիչ) - Ոչ մի դեպքում չի կարելի կտրել վերքը, այրել վերքը, և լարան չի կարելի դնել:

Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո անհրաժեշտ է տուժածին տեղափոխել մոտակա բժշկական կենտրոն՝ հակագյուրզին պատվաստանյութ ստանալու համար։ Բժշկական հաստատությունները յուրաքանչյուր տարի ձեռք են բերում օձի հակաթույն։

Մարինե Հարությունյան (ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ) - Բժշկական հաստատությունները որոշում են պահանջարկը անցյալ տարիների, նախորդ տարիների դեպքերից և ելնելով տարածաշրջանային առանձնահակություններից: Այժմ առկա է մեր երկրում, և ԱՆ-ն յուրաքանչյուր տարի շրջաբերական գրություններով նորից տեղկացնում է ԲԿ-ներին, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն և ձեռք բերեն հակաթույնը:

Առողջապահության նախարարության տվյալով՝ տարեկան 100-120 սրվակ հակագյուրզին է օգտագործվում: Այն քաղաքացիներին տրամադրվում է անվճար:

Հեղինակ՝ Էմիլիա Հոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում