Արմավիրի մարզն ու Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասը կգործակցեն

ՀՀայկուշ Ասլանյան

Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակությունը Արմավիրում էր՝ մարզի պոտենցիալին ծանոթանալու և գործընկերային հարաբերություններ հաստատելու համար։ Հյուրերի հետաքրքրությունը բազմոլորտ էր՝ առևտուր, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն: Արմավիրցի գործարարները հանդիպմանը մասնակցում էին՝ չեխական շուկա մուտք գործելու հեռանկարով։

Սուսաննա Հակոբյան (ընկերության տնօրեն) - Մեր առաջարկը հայկական մրգերից պատրաստված չրերն ու չրային կոնֆետներն են: Քանի որ մեր արտադրանքը համապատասխանում է բոլոր նորմերին և սերտիֆիկացված է, եվրոպական շուկային հարիր արտադրանք է՝ իր որակի հաշվին։

Գինեգործությամբ հայտնի ընկերություններից մեկն էլ 10 տեսակի գինի է արտադրում, արտահանում Եվրոպա։ Ընկերությունում չեն բացառում, որ իրացման աշխարհագրությունը կընդլայնվի։

Արտաշես Ջրաղացպանյան (ընկերության տնօրեն) - Մենք փորձում ենք հնարավորին որակյալ գինի արտադրել և ուզում ենք մեր արտադրանքը ներկայացված լինի նաև չեխական շուկայում։ Չեխական կողմից ակնկալում ենք համագործակցություն։

Բամբակաշատում գտնվող ընկերությունն էլ երեք տեսակի արտադրություն է իրականացնում՝ մրգեր է չորացնում, պահածոներ պատրաստում և սառեցման եղանակով բանջարեղեն պահեստավորում։ Պատրաստի արտադրանքի 90 տոկոսն արտահանում են Ռուսաստան և Ավստրիա։ Վստահ են՝ հայկական միրգ-բանջարեղենի համուհոտով կարող են շոյել նաև չեխերի քիմքը։

Համլետ Սաֆարյան (ընկերության տնօրեն) - Մենք 12 ամիս կարողանում ենք պահածո պատրաստել, ճիշտ տեխնոլոգիայով ենք սառեցնում մեր բանջարեղենը, դրա համար համային փոփոխություն չի լինում թարմի և սառեցվածի միջև։

Չեխիայի պատվիրակությունը կվերադառնա Չեխիա, կամփոփի առաջարկները և գործընկերների հետ կքննարկի հետագա գործակցության ուղիները։

Յան Կրկոշկա (Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասի ղեկավարի տեղակալ) - Երբ գալիս էինք այստեղ, մտածում էինք զբոսաշրջության ոլորտում գործակցության մասին, բայց երբ շփվեցինք, հասկացանք, որ կարող ենք աջակցել գործարար այլ ոլորտներում նույնպես, մասնավորապես՝ գինու և չոր մրգերի արտադրության։ Կփորձենք մեր առևտրի պալատի միջոցով համապատասխան գործընկերներ գտնել։

Արմավիրը բաց է ներդրումների համար։ Մարզի ղեկավարությունն առաջարկում է գործակցել հատկապես այգիներ ու ջերմոցային տնտեսություններ հիմնելու, գյուղմթերքի վերամշակման և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների գործարան հիմնելու ուղղությամբ։

Առնակ Ավետիսյան (Արմավիրի մարզպետի տեղակալ) - Ցանկացած ներդրողի, ով կուզի մեր մարզում ներդրում անել, ունենք ազատ հողեր և շենքեր, կոնկրետ առաջարկների դեպքում կքննարկենք և կտրամադրենք։

Չեխերին հիացրել էին նաև մանկական գեղարվեստական խմբերը։ Պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց փոխանակման ծրագիր մշակել և երեխաներին հնարավորություն տալ փոխադարձ հյուրախաղերով այցելել միմյանց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում