Կողմերն արդեն շատ մոտ են վերջնական համաձայնությանը. Լավրովը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԵՌԱԿՈՂՄ ԲՈԼՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՄԻՐԶՈՅԱՆ
Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների վերաբերյալ բանակցություններում: Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հայտնել է Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Կցանկանայի նաև ընդգծել փոխըմբռնումը հաղորդակցային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման հետագա գործընթացը Ալմա Աթայի համաձայնագրի հիման վրա կազմակերպելու վերաբերյալ: Այստեղ, իհարկե, հայկական կողմ, և բոլորս պետք է աշխատենք ձևաչափերի հետագա հստակեցման ուղղությամբ:

Նախարար Միրզոյանը շեշտել է էսկալացիայի և ուժի կիրառման անթույլատրելիությունը, ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է բոլոր եռակողմ հայտարարություններին:

ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է՝ եռակողմ հայտարարություններում կա ճանապարհային քարտեզ՝ հստակ որոշումների կայացման համար:

Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Մենք վերլուծել ենք Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը, կարծում ենք, որ մեր ղեկավարների հայտարարություններին այլընտրանք չկա: Մենք հետաքրքրված ենք, որ այս տարածաշրջանում լինեն կայունություն և խաղաղություն: Մենք ամեն ինչ կանենք, որ իրավիճակի կայունացմանը վերաբերող որոշումները կատարվեն: Հույս ունեմ, որ դրանք կհարգեն նաև այն բոլոր պետությունները, որոնք որևէ կերպ հետաքրքրված են այս տարածաշրջանում ներկայությամբ:

Սերգեյ Լավրովն անհրաժեշտ է համարել զուգահեռաբար կարգավորել նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանի արտգործնախարարը կարևորել է նաև հայ և ադրբեջանցի փորձագետների, հասարակական գործիչների ու խորհրդարանականների շփումները:

Սերգեյ Լավրով - Անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները, ապաշրջափակել առևտրատնտեսական կապերը, իհարկե, համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը, որի շուրջ ակտիվորեն աշխատում եք:

ՄԱՅԻՍԻՑ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԴՐԱԿԱՆ Է. ԲԱՅՐԱՄՈՎ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի գործընկերոջ հետ այս հանդիպումը լավ հնարավորություն է շարունակելու քննարկումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ:

Ջեյհուն Բայրամով (Ադրբեջանի ԱԳ նախարար) - Նախորդ տարվա վերջից բանակցային գործընթացում լճացում էր նկատվում: Մենք շատ դրական ենք գնահատում, որ մայիսի սկզբից դինամիկան դրական է: Արդեն հանդիպումներ ու բանակցություններ են տեղի ունեցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատող թիմերի, երկրների ղեկավարների մակարդակով, նաև այսօրվա բանակցություններ են:

ԿՈՂՄԵՐՆ ԱՐԴԵՆ ՇԱՏ ՄՈՏ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ. ԼԱՎՐՈՎ
Արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ խաղաղության պայմանագրի մի շարք դրույթներով հաջողվել է մոտեցնել կողմերի ընկալումները:

Սերգեյ Լավրով - Մեր գործընկերներն այսօր հաստատել են, որ առանց սահմանագծման, առևտրատնտեսական ուղիների ապաշրջափակման, առանց իրավիճակի բարելավման, Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ուղղություններով:

Սերգեյ Լավրովի խոսքով՝ հաջորդ շաբաթ կկայանա տրանսպորտային ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների խմբի հերթական հանդիպումը:

Սերգեյ Լավրով - Մենք հույս ունենք, որ դրական արդյունք կարձանագրվի, կողմերն արդեն շատ մոտ են վերջնական համաձայնության: Առաջիկայում պայմանավորվել ենք անցկացնել երկկողմ հանձնաժողովի նիստ՝ սահմանագծման և սահմանազատման հարցերով, Ռուսաստանի խորհրդատվական մասնակցությամբ:

ՄԻՐԶՈՅԱՆ-ԲԱՅՐԱՄՈՎ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ՝ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Եռակողմ հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը առանձնազրույց են ունեցել: Արտգործնախարարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ, շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Կառուցողական մտքեր են փոխանակվել հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերը տարաձայնություններ ունեն: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են շարունակել քննարկումները:

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՌԴ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ. ՄԻՐԶՈՅԱՆ
Եռակողմ և երկկողմ հանդիպումներին նախորդել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների քննարկումը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Արարատ Միրզոյան - Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում շատ հստակ ձևակերպված է Լաչինի միջանցքի ռեժիմը: Միջանցքը պետք է մնա Ռուսաստանի Դաշնության հսկողության ներքո: Ցավոք, հիմա հնարավոր չէ արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը:

ՀՀ-Ն ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՄԻՐԶՈՅԱՆ
Արարատ Միրզոյանը նշել է՝ չնայած Ադրբեջանի կողմից ուժի դրսևորմանն ու դրա սպառնալիքին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը՝ մեր երկիրը հավատարիմ է եռակողմ հայտարարությունների դրույթներին:

Արարատ Միրզոյան - Հայաստանը, ինչպես միշտ, չափազանց կառուցողական է բանակցություններում: Մենք միտված ենք մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ բանակցային գործընթացի բոլոր ուղղություններով առաջընթացը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի և ինտեգրացիոն կազմակերպություններում գործակցության վերաբերյալ հարցեր:
 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում