ԱԱրսեն Մկրտչյան

Ժաննա Անդրեասյանը և Քրիսթինե Վայգանդը քննարկել են կրթության զարգացման ծրագրերը

Ժաննա Անդրեասյանը և Քրիսթինե Վայգանդը քննարկել են կրթության զարգացման ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեզ համար շատ կարևոր ու լուրջ գործընկեր է, որի հետ տարիների արդյունավետ համագործակցություն ունենք: Մենք պատրաստ ենք համատեղ քննարկել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող միջոցառումների շրջանակը՝ համագործակցության հեռանկարները հասկանալու և ընդլայնելու համար, քանի որ ծրագրում սահմանվել են շատ հավակնոտ թիրախներ: Մենք բարձր ենք գնահատում ենք մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ջանքերը ռազմավարական այս փաստաթղթի նախագծման և մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության համար»:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ իրականացված ծրագրերը, մասնավորապես՝ հեռավար ուսուցման հարթակը, որի ներդրման անհրաժեշտությունն առաջնային էր դարձել 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի ժամանակաշրջանում: Հարթակն այժմ ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն:

Քրիսթինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ Կառավարության մշակած կրթական բարեփոխումների նախագիծը: Նա նաև վերահաստատել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատրաստակամությունը՝ աջակցելու ինչպես տեխնիկական և մեթոդական հարցերում, այնպես էլ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացմանը:

Նա նաև նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է սերտորեն համագործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում:

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելու կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ լավագույնս արձագանքելու հանրակրթության ոլորտի մարտահրավերներին և լուծելու առկա խնդիրները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում