Հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.2%-ով

ԼԼիլիթ Ասատրյան

12.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նորից երկնիշ աճ է գրանցել: Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կրկնապատվել է, ընդ որում` արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 89.1 տոկոսով: Ծառայություններն աճել են 22.9, առևտրաշրջանառությունը՝ 21, շինարարությունը՝ 15.6, արդյունաբերական արտադրանքը՝ 3.6, իսկ գյուղատնտեսականը՝ 1.4 տոկոսով: Անկում է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 2 տոկոսով: Սպառողական գնաճը 8.1 տոկոս է, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 0.4 տոկոսով:

Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Եթե էդ աճի կառուցվածքն ենք դիտարկում, մենք ունենք նույն ոլորտային բաշխվածությունը, ինչ նախորդ ամիսներին էր, առևտուրը, ծառայությունների ոլորտը, որոնք ունեն 20 տոկոսից ավելի աճ, պետք է արտաքին առևտրաշրջանառության ծավալները դիտարկել... մյուս կողմից, իհարկե, այս համատեքստում առանձնանում է ոչ լավ իմաստով` արդյունաբերության աճի ցածր տեմպերն են առանձնանում:

Էկոնոմիկայի նախարարությունից հակադարձում են՝ հունվար-փետրվարին արդյունաբերությունում տեմպը ցածր էր, սակայն միայն մարտին 8.6 տոկոս է արձանագրվել, ինչի արդյունքում մեծացել է եռամսյակի աճի տեմպը: Կարեն Սարգսյանը համոզված է՝ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում պետության տարբեր ծրագրերը երկարաժամկետում իրենց ազդեցությունը կթողնեն և կմեծացնեն այս ճյուղերի աճի տեմպը:

Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Արդյունաբերությունը հիմնականում մենք չենք կապում արտաքին ժամանակավոր գործոնների ազդեցության հետ, արդյունաբերության ոլորտում աճը... կարծում եմ, որ դա խոսում է նաև մեր տնտեսական դրական միտումների մասին, նաև կառավարության հետևողական քաղաքականության մասին:

Մասնագետների կարծիքով՝ այս փուլում դեռ վաղ է տնտեսության աճի վերաբերյալ գնահատականներ տալ, կարևոր շրջանը առաջիկա ամիսներն են լինելու:

Արմեն Քթոյան - Արդեն որ հասնենք այն ամիսներին, երբ 2022 թվականի նույն շրջանում մենք բարձր աճ էինք արձանագրում, պարզ կլինի` արդյո՞ք մենք լրացուցիչ արագացում տնտեսությանը հաղորդել ենք, թե ոչ: Էդ արագացման նախադրյալները կան ինչ-որ առումով, և մենք ունենք այսօր շինարարության մասով բավական մեծ ակտիվություն, տրանսֆերտների մասով արագացող ընդլայնում կա, դժվար է ասել, թե որքան կպահպանվի:

Միջին աշխատավարձի և կենսաթոշակի աճ, աղքատության կրճատում, աշխատատեղերի ավելացում, ըստ Կարեն Սարգսյանի` այս ցուցանիշները վկայում են, որ քաղաքացին իր վրա զգացել է տնտեսական ակտիվության աճը:

Կարեն Սարգսյան - Եթե ընդհանուր միտումները պահպանվեն նույնիսկ այս պայմաններում, ես կարծում եմ` կարող ենք հասնել երկնիշ տնտեսական աճի, սակայն 7 տոկոսանոց այդ ցուցանիշը բավական իրատեսական է և կասկածի ենթակա չէ նույնիսկ այս պայմաններում, սակայն հետևողական քաղաքականության արդյունքում այդ աճը ավելի կարող ենք բարձրացնել, ավելի ամրապնդել, որպեսզի հետագա տարիներին ևս աճի դրական նախադրյալներ ստեղծենք:

Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշի ամենաբարձր աճը գրանցվել է մարտին՝ 14 տոկոս: Ըստ մասնագետների՝ մյուս եռամսյակներում աճի տեմպի պահպանման վրա ազդեցություն կարող է ունենալ նաև աշխարհաքաղաքական իրավիճակը:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում