Հանրապետության ճանապարհներին շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները

ՎՎարդուհի Բալյան

Ձյան, ջրի, ավազի և աղի հետքերն են ասֆալտին՝ խոր, երբեմն՝ շատ խոր փոսերի տեսքով:

Թադևոս Կիլիչյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեներ) - Ձմեռային ցուրտ կլիմայից հետո ճանապարհային ծածկը վնասվածքներ է ունենում, դրա համար ծավալով հիմնական աշխատանքը կատարվում է գարնան սկզբին:

Ճանապարհները շահագործող կազմակերպությունների Գարուն-ամառ-աշուն սպասարկումը սկսվում է հենց փոսային նորոգման աշխատանքներով: Ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր բնակավայրերում դեռ չհիմնանորոգված ճանապարհները այսպես հատված-հատված են նորոգվում:

Թադևոս Կիլիչյան - Նախ գնահատվում է ծածկի վիճակը, հետո ծածկի ֆրեզման եղանակով կատարվում է փոսի կտրում, փոշեզրկում, բիտոնապատում, հետո տեղադրվում է ասֆալտբետոնե խառնուրդ, հետո կատարվում է փոսի խտացում:

Պարտադիրը տարին 2 անգամն է, մյուս դեպքերում՝ ըստ անհրաժեշտության:
Ճանապարհների բանուկ լինել-չլինելը այստեղ ցուցիչ չէ՝ բոլորը հավասարապես են սպասարկվում:

Էդգար Բաղդասարյան (Հրազդանի ՃՇՇՁ ԲԲԸ տնօրեն) - Սկսել ենք փոսալցման աշխատանքները, որ մի քանի օրից կավարտենք:

Թադևոս Կիլիչյան - Կազմակերպությունների վերջնաժամկետը, որոնք սպասարկում են տաք կլիմայական պայմանների գոտիներում, մինչև մայիսի 1-ն է, ավելի ցուրտ կլիմայական գոտիներում սպասարկում իրականացնող կազմակերպությունների վերջնաժամկետը հունիսի 1-ն է:

Սա, օրինակ, Երևան-Սևան միջպետական հիմնանորոգված ճանապարհին զուգահեռ ճանապարհն է: Բանուկ չէ, բայց ասֆալտը տասնամյակների պատմություն ունի: Քանի դեռ չի հիմնանորոգվել, փոսալցումը մանրամասն իրականացվում է:

Ժորա Դանիելյան (Հրազդանի ճանապարհները սպասարկող ընկերության աշխատակից) - էս մի 50 տարվա ասֆալտ է, դրա համար էլ պետք ա: Նոր արած ասֆալտի վրա 3 տարի որ ոչինչ չենք անում:
Ես չեմ ուզում գովեմ, բայց մեր ասֆալտի որակը շատ լավն է: 

Արդեն 15 տարի այսպես տաք ասֆալտ է հարթեցնում Ժորա Դանիելյանը՝ Քաղսիից:

Երիտասարդները շատ չեն, քիչ-քիչ են ավելանում, գործի մեջ հմտանում՝ պատմում է մասնագետը: Վերջին տարիներին գործը շատացել է, ամռանը՝ հատկապես:

Իսկ ձմռան սպասարկման աշխատանքներն ամփոփելիս Հրազդանի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող ընկերության ղեկավարը նշում է՝ այս ձմեռ չնայած աշխատանքը ծանր էր, բայց մարզում պարեկների ներկայությունը մեծապես օգնել է:

Էդգար Բաղդասարյան - Չենք ունեցել մահով վթար, ամենակարևորը:

Ու եթե կոնկրետ այս տարածաշրջանում փոսալցման աշխատանքները մայիսի 1-ին հիմնականում ավարտված կլինեն, ապա աղբահանության աշխատանքներն անընդհատ են:

Էդգար Բաղդասարյան - Մարդիկ տնից կարող է աղբը վերցնեն ու նետեն ճանապարհին, գնան:
Մեքենայից իրանց խմած շիշ բաժակ գցեն ճանապարհին ու անցնեն: Ճանապարհներին էլ է պետք սեփական բակի նման վերաբերվել՝ հորդորն է վարորդներին:

Վերադառնալով փոսային նորոգումներին՝ դրանք չեն իրականացվի միջպետական և հանրապետական նշանակության այն ճանապարհահատվածներում, որոնք ներառված են 2023 թ. հիմնանորոգման կամ միջին նորոգման ծրագրերում։
Նոր ճանապարհների դեպքում էլ երաշխիքային 3 տարվա ժամկետ կա, այդ ընթացքում առաջացած թերությունը հենց ճանապարհաշինարարական կազմակերպությունն է վերացնելու, 3 տարուց հետո է միայն այն անցնում սպասարկող կազմակերպությանը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում