Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենաարագ աճող երկիրն է. Համաշխարհային բանկ

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենաարագ աճող երկիրն է. նշվում է Համաշխարհային բանկի տարածաշրջանային նոր զեկույցում: Ըստ կառույցի՝ Հարավային Կովկասը Հայաստանի արձանագրած կտրուկ աճի շնորհիվ է կարողացել 2022 թվականին գերազանցել 2021-ի տնտեսական աճի ցուցանիշը: Հատկապես ընդգծվել է մեր երկրի արտահանման առաջանցիկ աճը:

Արուսյակ Մանավազյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Նախորդ տարի Հայաստանի տնտեսության ակտիվությունը սպասվածից ավելի բարձր է եղել, և տարին փակել ենք 12.6 տոկոս տնտեսական աճով: Ոլորտներն են եղել՝ շինարարությունը, ներքին և արտաքին առևտրաշրջանառությունը և ծառայությունների ոլորտը,  բոլոր ոլորտներում էլ ունեցել ենք աճ, ինչը մեջբերվել է նաև Համաշխարհային բանկի զեկույցում:

Միջազգային կառույցի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում գնաճի մակարդակը կշարունակի աստիճանական նվազել և մինչև 2025 թվականը կհասնի թիրախավորված՝ 4% մակարդակին։ Զեկույցի հեղինակները նշել են նաև, որ 2022-ին Հայաստանում աղքատության շեմից ցածր ապրողների թիվը 2021-ի 51.7-ի փոխարեն նվազել է մինչև 41,8%, իսկ 2023-ին ակնկալվում է, որ կնվազի մինչև 38,4%։

Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Որոշակիորեն շեշտադրումներ էդտեղ կան՝ ֆինանսական համակարգի կայունության առումով, դրամավարկային քաղաքականության դրական արդյունքների առումով, հարկաբյուջետային, ֆիսկալ քաղաքականության, հավասարակշռված արդյունքների առումով՝ էս առումով դրական է դիտարկվում և արտասահմանյան ներդրողների տեսանկյունից որոշակիորեն դրական էֆեկտ է գործում նման զեկույցները:

Բանկի կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կլինի մոտ 4.5 տոկոս և միջնաժամկետում աճը կապահովվի սպառողական ակտիվության և մասնավոր ներդրումների ավելի մեծ ծավալների շնորհիվ. իսկ ծառայությունների ոլորտը կմնա աճի հիմնական շարժիչ ուժը։

Արուսյակ Մանավազյան - Միանշանակ պետք է ասեմ, որ Կառավարության ծրագրերը տարատեսակ և տարաբնույթ հնարավորություն են տալիս, որպեսզի ակտիվությունն ավելի բարձր մակարդակում պահվի: Այս զեկույցը այն մասին է, որ Հայաստանը ունի լավ միջավայր երկրում ներդրումներ և տնտեսական ակտիվություն ապահովելու համար:

Ըստ մասնագետի՝ նախորդ տարվա տնտեսական աճի բարձր ցուցանիշն է պատճառը, որ այս տարվա կանխատեսումն ավելի համեստ է. վերջնարդյունքը կախված է մի քանի գործոններից:

Էդգար Աղաբեկյան - Թե ինչ կքաղենք էս պահին. էն օգուտները, որ կարող ենք քաղել՝ կախված է երկու հանգամանքից, առաջինը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքն է, մյուս կողմից՝ գործընկեր երկրներում տնտեսական ցուցանիշների լավ կամ վատ դրսևորումը, և էս առումով ամեն բան կախված է հիմնականում արտաքին գործոններից:

Համաշխարհային բանկը 2023 թվականին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական աճի կանխատեսումը 0.1-ից բարձրացրել է մինչև 1.4%։

Միջազգային կառույցը նաև 2024 և 2025 թվականների համար է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսում հրապարակել, համապատասխանաբար, 4.8 և 5 տոկոս:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում