Եթե առաջադրումներ լինեն, կլինեն նաև քաղաքապետի ընտրություններ. ԿԸՀ նախագահի ասուլիսը

ՄՄայա Խաչատրյան

Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականից մոտ մեկ ամիս անց՝ ապրիլի 11-ին, սահմանված կարգով կհրավիրվի ավագանու նիստ՝ քաղաքապետի արտահերթ ընտրության համար: Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ ձայները ավելի են դեմ ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Սակայն օրենքը չի հստակեցնում, թե ինչ ընթացակարգ է նախատեսվում, եթե ավագանին չի ընտրում քաղաքապետ:

Վահագն Հովակիմյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - Արտահերթ ընտրության օր չի նշանակվել, քաղաքապետի պաշտոնի թափուր լինելու փաստով պայմանավորված նիստի օր է նշանակվել, ըստ օրենսդրության, խմբակցությունները պետք է ներկայացնեն, եթե առաջադրումներ լինեն, կլինեն նաև ընտրություններ:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հարցին անդրադարձավ պաշտոնը ստանձնելուց 6 ամիս անց առաջին մամուլի ասուլիսում: Երևանի քաղաքապետի պարտականություններն այժմ կատարում է առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ավագանու ապրիլի 4-ի նիստում հայտարարել էր, որ նիստին չեն ներկայանա, խմբակցությունը որոշում ունի չընտրելու քաղաքապետ՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս է մնացել: ԿԸՀ նախագահն արձանագրեց, որ Երևանի ավագանու լիազորությունների կրճատման ընթացակարգը սահմանված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածով:

ԱՆԻԻ ԵՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Վահագն Հովակիմյան - Նաև կարգավորումներ կան ԸՕ-ում՝ 142.3-րդ հոդվածն է:  Ավագանու լիազորությունների կրճատման լիազորությունը վերապահվել է Կառավարությանը կոնկրետ՝ սահմանելով կոնկրետ դեպքերը: Մնացած գնահատականները՝ կրճատելը, արտահերթ ընտրությունները, այս մեկին է ձեռնտու, հերթականը՝ մյուսին, քաղաքական գնահատական է:

2022-ի սեպտեմբերից Արդարադատության նախարարության և քաղհասարակության ներկայացուցիչների հետ ԿԸՀ-ն ներգրավվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մշակմանը: Հովակիմյանի խոսքով՝ առաջարկներ կան բարելավելու «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներն ու նաև Ընտրական օրենսգիրքը:

Վահագն Հովակիմյան - ԸՕ վերջին փոփոխությունը եղել է 2021-ին, որից հետո կայացել են ԱԺ ընտրություններ, իրականացվել են ՏԻՄ ընտրություններ, բազամթիվ բացեր են ի հայտ եկել: Ինչ արձանագրել են քաղհասարակության, ԿԸՀ անդամները, բոլոր այդ բացերի վերաբերյալ եղել են քննարկումներ: Լիահույս եմ, որ նախագիծը, որը կկազմվի, իր մեջ կներառի այդ պահին ի հայտ եկած բոլոր բացերը:

Հովակիմյանը հիշեցնում է՝ իրենց գործառույթը ընտրությունների կազմակերպումն է: Մարտի 26-ին Անի և Սիսիան համայնքներում ՏԻՄ արտահերթ ընտրությունները ԿԸՀ ղեկավարը գնահատում է բավական մրցակցային՝ նշելով, որ քվեարկությունն ընթացել է բնականոն հունով, բոլոր տեղամասերում քաղաքական ուժերը ունեցել են վստահված անձինք, լուրջ խախտումներ չեն եղել։

Վահագն Հովակիմյան - Քարոզարշավի ընթացքում հիմնական բանավեճը կողմերի միջև, պաստառների փակցնելու հետ կապված, հանվել են:

Մինչև այս պահը վարչական դատարան քվեարկության արդյունքը վիճարկելու դիմում-բողոք չի ներկայացվել: Ապրիլի 5-ը դատական բողոքարկման ժամկետի վերջին օրն է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում