Արմավիրի սահմանային գոտու վարելահողերում վարձու աշխատողներն ավելի արագ անցագրեր կստանան

ՀՀայկուշ Ասլանյան

Գյուղատնտեսական տարին արդեն սկսվել է, բայց Ջանֆիդայի բնակիչները դեռ դաշտ ու այգի չեն մտել: Նրանց մշակահողերի 70 տոկոսը՝ մոտ 450 հա, սահմանային գոտում է, որտեղ մուտքը անցագրով է: Իրենք մեկ տարվա վավերականությամբ համապատասխան թույլտվություն ունեն. խնդիրն այդ հատվածներում հավելյալ աշխատուժ ներգրավելն է. նրանց մուտքի համար նույն փաստաթուղթն է պահանջվում:

Գյուղացիները բողոքում են, որ վարձու աշխատողին անցագիր տրամադրելու ընթացակարգը երկար է տևում: Մինչև ազգային անվտանգությունն ու ռուսաստանցի սահմանապահները ստուգում են տվյալներն ու հաստատում, 10-15 օր է անցնում, իսկ օրավարձով աշխատողը այդքան չի սպասում, այլ գործ է գտնում:

Գագիկ Գրիգորյան (Ջանֆիդայի բնակիչ) - Նախորդ տարիներին աշխատողների անձնագրերը տալիս էինք գյուղապետին, տեղեկանք էր տալիս, բերում էինք այստեղ, անցնում էր: Չի ընդունվում այդ թուղթն արդեն, պետք է անպայման անցաթուղթ հանվի:

Նոր կարգի համաձայն՝ անցագիրը պարտադիր է սահմանային գոտի մուտք գործող բոլոր մարդկանց համար: Ջանֆիդացիների խոսքով՝ եթե այնքան հնարավորություն ունենային, որ մշտական աշխատողներ պահեին, նրանց համար էլ մեկ տարվա վավերականությամբ փաստաթուղթ կհանեին, բայց իրենք հիմնական աշխատող չունեն. ներգրավում են այդ պահին գործ փնտրողներին:

Գուրգեն Սարգսյան (Ջանֆիդայի բնակիչ) - Այգին փթթել է, աշխատող պետք է տանենք՝ 2-3 հա այգին թարմա կապի, մենակ ո՞նց կանենք: Խնդրում ենք, որ բանվորներն իրենց հետ անձնագիր ունենան, մեր անցաթղթի հետ, մեր պատասխանատվությամբ տանենք, աշխատեն, մեզ հետ դուրս բերենք:

Նախկին կարգավորմամբ՝ յուրաքանչյուր հողատիրոջ անունով աշխատուժի ցանկ է կազմվել, և հենց նրա պատասխանատվությամբ վարձու աշխատողներին թույլատրվել է մտնել դաշտ: Արմավիրի մարզպետի խոսքով՝ այդ կարգը ներկայիս իրավիճակում մի շարք ռիսկեր է պարունակում:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Հատկապես երբ վերջին 1-2 տարիների ընթացքում դեպքեր են արձանագրվել սահմանային կանոնների խախտման մասով, հատկապես Ջանֆիդայի տարածքում:

Արմավիրի մարզում Թուրքիային սահմանակից 8 բնակավայր կա, որոնց մշակադաշտերի մի մասը սահմանային գոտում է:

Սահմանային ռեժիմի խախտման դեպքերը բացառելու համար այդ հատվածում ելումուտն ավելի է խստացվել, ինչի հետևանքով հատկապես բերքահավաքի ժամանակ այս հատվածում հող ունեցողները խնդրի առաջ են հայտնվել.

Գյուղացիները դժգոհում են նաև տրանսպորտային միջոցների թույլտվության կարգից: Եթե նախկինում չգրանցված պետհամարանիշով մեքենա էին դաշտ մտցնում, այժմ դա արգելվում է:

Ստեփան Եղիազարյան (Փշատավանի բնակիչ) - Մեքենան, ասենք, ընկերոջն է, համարները պետք է պրոպուսկի մեջ գրած լինի, եթե մեքենան անսարք վիճակում մնացել է ցանկապատից ներս, չենք կարող գնալ, օգնել, դուրս բերել:

Ջանֆիդացիների խնդիրը մարզպետ Հովհաննիսյանը քննարկվել է պատասխանատու կառույցների ղեկավարների հետ. պայմանավորվել են արագացնել վարձու աշխատողներին տրվող անցագրերի տրամադրման գործընթացը:

Էդվարդ Հովհաննիսյան - Ես խնդրել եմ պատկան մարմիններին, որ համապատասխան աշխատակիցներ ավելացնեն, որ դիմումները երկար չմնան, անցագրերը ձևակերպվեն:

Տեղական իշխանության հորդորն է՝ անցագրերի տրամադրումը չուշացնելու համար պետք է դիմումները ճիշտ ձևակերպել, նույնականացումն էլ ժամանակին անել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում