«Էնվիդիան» և քաղցկեղի բուժմամբ զբաղվող ՏՏ ընկերությունը ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում են
8-ամյա BostonGene technologies («ԲոստոնՋին թեքնոլոջիս») ընկերությունը Հայաստանում գործունեությունը 2022-ի հունիսից է սկսել՝ Ռուսաստանից տեղափոխվելով: Կես տարում կարողացել է հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ վճարած ավելի քան 788 մլն դրամով 330-րդ հորիզոնականում է: Այս ընկերությունը, օգտագործելով արհեստական բանականությունը կենսաբանության ոլորտում, քաղցկեղի բուժմամբ է զբաղվում՝ յուրաքանչյուր պացիենտի համար կազմելով իր անհատական պատմությունը: Բժիշկների, կենսաբանների ու ծրագրավորողների ստեղծած համակարգը մոտ 36 ժամ վերլուծում է մարդու գենոմը, կազմում հիվանդության պատմությունը և որոշում, թե ինչպես ավելի արդյունավետ կլինի բուժումը: 380 աշխատակից ունեցող ընկերությունը մտադիր է շարունակել գործունեությունը:
Սարգիս Գևորգյան («ԲոստոնՋին թեքնոլոջիս» ընկերության գլխավոր տնօրեն) - Ես մտածում եմ, որ սա Հայաստանի համար մեծ հնարավորություն ա, շատ բարձր կոմպետենցիայի կադրեր ունենալ Հայաստանում ու բարձրացնել մեր ԱյԹի տեխնոլոգիաները: Էն կոմպետենցիան, որը որ Հայաստան մտավ 2022 թվականին, ունիկալ էր, ու դրական կողմը նա է, որ կառավարությունը կարողացավ սա կառավարել, ստեղծել մի միջավայր, որ էս ընկերությունները իրենց կոմֆորտ զգան Հայաստանում և ոչ թե մնային մենակ Հայաստանում, այլ զարգանային: Հիմա երկրորդ փուլն ա սկսվում Կառավարության հետ բանակցությունների, արդեն զարգացման փուլը:
Մշակած մեթոդը նախատեսում են գործարկել նախ՝ ԱՄՆ-ում ու Ճապոնիայում, հետո նաև Հայաստանում:
Հայկ Մարգարյան («Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն) - Նաև իրենք բերում են իրենց բարձր որակավորում ունեցող մասնագետներին՝ դրսից, որոնք օգնում են փոխել բիզնես միջավայրը Հայաստանում:
Հայաստանում աշխատել՝ նշանակում է նաև Հայաստանում ծախսել: ՏՏ ընկերությունների տեղափոխությունը մեր երկիր ակտիվացնում է նաև տնտեսության այլ ճյուղեր՝ ընդգծում են մասնագետները: Մեկ այլ ընկերություն, որը ևս Հայաստանում է հաստատվել, աշխարհում ճանաչված «Էնվիդիան» է: Կրկին ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով են մեր երկրում: Հայաստանում ու բազմաթիվ այլ երկրներում մասնաճյուղեր ունեցող ընկերությունը զբաղվում է ԱյԹի-ի ամենատարբեր ուղղություններով՝ հզոր համակարգիչների սարքավորումների արտադրությունից ու արհեստական բանականությունից մինչև ծրագրավորում ու գրաֆիկ դիզայն, և հանրության մեջ այս ընկերության հետ ավելի շատ ասոցացվող՝ համակարգչային խաղերի ստեղծում: «Էնվիդիան» 646.5 մլն դրամ հարկ է վճարել, 1000-ի մեջ 418-րդն է:
Դմիտրի Դուկա («Էնվիդիա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի համակարգող) - Մենք Հայաստանի հետ կապված մեծ ծրագրեր ունենք, արդեն նաև հայ աշխատակիցներ ունենք և նախատեսում ենք ավելացնել նրանց թիվը: Մեր ընկերությունը մշտական է հաստատվել Հայաստանում: Շատ ուրախալի է, որ նման փոքր երկիրը կարողանում է նման բարենպաստ պայմաններ ապահովել ՏՏ ընկերությունների համար և դառնալ տարածաշրջանային Սիլիկոնյան հովիտ: Մենք չենք ձգտել հայտնվել խոշոր հարկատուների ցանկում, բայց դա բնական էր՝ մենք խոշոր ընկերություն ենք, 170-ից ավելի բարձր վարձատրվող աշխատակից ունենք, և վստահ եմ, կպահպանենք մեր դիրքերը այդ ցանկում:
Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ավելի քան 70 ՏՏ ընկերությունների հետ է գործակցում ու ապահովում է հետներդրումային սպասարկում:
Լիլիթ Հարոյան («Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի հետներդրումային սպասարկման ավագ մենեջեր) - Դա ստեղծված է հատուկ օտարերկրյա ընկերությունների համար, որպեսզի վերջիններիս օգնենք լուծել ՀՀ-ում առկա բոլոր խնդիրները, որոնց բախվում են օտարերկրյա ներդրողները: Ընկերության կողմից բարձրաձայնվել են որոշ ոլորտային օրենսդրական խոչընդոտներ, որոնք հիմա վերլուծման փուլում են մեր հիմնադրամում, փորձելու ենք ներդրողների ձայնը ավելի հասանելի դարձնել Կառավարությանը:
ՊԵԿ-ի տվյալով՝ նախորդ տարի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում հայտնված ՏՏ ոլորտի 63 կազմակերպությունները ընդհանուր առմամբ վճարել են 54.6 մլրդ դրամ հարկ, 2021-ին ներառված ընկերությունները 51-ն էին, վճարած հարկերը՝ 30.6մլրդ դրամ: Այսպիսով, մեկ տարում խոշոր հարկ վճարողների ցանկում ՏՏ ընկերությունների թիվն ավելացել է 12-ով, վճարած հարկերը՝ 78.4 տոկոսով:













