Լաչինի միջանցքի արգելափակման հարցով քննարկում՝ Կանադայի խորհրդարանում

ԴԴիանա Գասպարյան

Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամների ուշադրության կենտրոնում են: Արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովում կազմակերպված լսումներին մասնակցելու էին հրավիրված Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն ու Ադրբեջանի դեսպանության գործերի հավատարմատարը։ Հանդիպման մեկնարկից առաջ հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչը հրաժարվել է ներկայանալ քննարկմանը՝ պատճառաբանելով, թե քննարկմանը մասնակցության վերաբերյալ Բաքվից ցուցումներ չի ստացել։

Բացման ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, շեշտել՝ հաճույքով կխոսեր հայ-կանադական զարգացող հարաբերությունների մասին, սակայն իրականությունն այլ օրակարգ է պարտադրում:

Անահիտ Հարությունյան (Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անվտանգային ճգնաժամ է ստեղծվել: Ինքնակոչ բնապահպան ակտիվիստներն էլ արդեն շուրջ 2 ամիս է՝ արգելափակել են Լաչինի միջանցքը: Ադրբեջանը շարունակում է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը: Ենթադրությունը, թե Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական ակտիվիստներ, որոնք առանց իշխանությունների անմիջական ղեկավարության այսպիսի արշավ կարող են անցկացնել, անիրատեսական է: Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Ադրբեջանը, ցավոք, բարեխղճորեն բանակցություններ վարելու փոխարեն՝ շարունակում է հակահայկական հռետորաբանությունը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, միտումնավոր ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։

Անահիտ Հարությունյանը հավելել է՝ եթե Ադրբեջանը շահագրգռված լիներ խաղաղությամբ, չէր խոչընդոտի միջազգային հանրության մուտքը տարածաշրջան:

Անահիտ Հարությունյան - Դատապարտման կամ պատժամիջոցների բացակայությունը խրախուսում է ագրեսորին: Հարավային Կովկասում կայունություն երաշխավորելու միակ ճանապարհը միջազգային հանրության շարունակական ներգրավումն է։ Չպետք է պատրանք ստեղծվի, թե ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը երբևէ կարող է հիմք հանդիսանալ կայուն խաղաղության համար։

Հանձնաժողովի անդամ Գարնեթ Ջենըսի հարցին՝ ինչպես կարող է Կանադան նպաստել առկա լարվածության նվազեցմանը, Կանադայում ՀՀ դեսպանը նշել է.

Անահիտ Հարությունյան - Բարձր ենք գնահատում Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Կանադայի կառավարության հայտարարությունը և Ադրբեջանին ուղղված կոչը՝ ապաշրջափակե՛լ ճանապարհը: Կանադան կարող է շարունակել գործակցությունը դաշնակիցների հետ, աջակցել Հայաստան ուղարկված ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելությանը: Պատժամիջոցները և ադրբեջանական գործարար շրջանակների հետ գործակցության սահմանափակումը նույնպես կարող են արդյունավետ լինել: Կանադան կարող է նաև ճնշում գործադրել Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրն էլ բացասական ազդեցություն ունի տարածաշրջանում:

Անահիտ Հարությունյանի խոսքով՝ կարևոր է և այն փաստը, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, եվրոպական այլ երկրներ և կառույցներ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը անվանում են իր անունով՝ շրջափակում: Միաժամանակ, դեսպանը մտահոգություն է հայտնել՝ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ադրբեջանին հետաքրքրում է միայն սեփական պայմաններով խաղաղության հաստատումը:

Հայ դիվանագետն անդրադարձել է նաև Հայաստանից արտատարածքային միջանցք ստանալու՝ ադրբեջանական կողմի հավակնություններին:

Անահիտ Հարությունյան - Միջանցքի հռետորաբանության հեղինակը Ադրբեջանի նախագահն է, և նա էլ է դա ընդունում: Այդ հռետորաբանությամբ նա ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ արտատարածքային միջանցք ստանալու նպատակով: Հայաստանը հստակ ասել է՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք ՀՀ տարածքում։ Այս սկզբունքը լիովին համապատասխանում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը։

Դեսպանը եզրափակել է՝ խաղաղությունը չի կարող պարտադրվել, այն հնարավոր է միայն բոլորի համար ընդունելի պայմաններով: Հարությունյանն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների արդարացի լուծմամբ, այդ իսկ պատճառով շարունակում է բանակցել:

Լսումների արդյունքներով Կանադայի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն առաջիկայում կմշակի գործողությունների ծրագրի նախագիծ և կներկայացնի այն Կանադայի կառավարությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում