Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդականին

ԴԴիանա Գասպարյան

ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդական Լաուրա Լոքմանին:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տվյալով՝ Լոքմանը հանդիպումներ կանցկացնի նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ և կմասնակցի Հարավային գազային միջանցքի նախարարների խորհրդի 9-րդ նիստին: Օրակարգում է ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ նախագծերին:

Ամերիկացի դիվանագետը Ադրբեջանում կգտնվի մինչև փետրվարի 4-ը։

ԻՐԱՆԸ ԿՈՇՏ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ. ԻՐԱՎԱՆԻ

Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման գործով նախաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին։

«Իսրայելի գործողույունները խախտում են միջազգային իրավունքը և պետք է դատապարտվեն: Իրանը իրավունք ունի ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ կարձագանքի ցանկացած ոտնձգության, երբ դա անհրաժեշտ համարի»,- նշել է Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում։

Հունվարի 29-ին Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը հայտարարեց, որ Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական օբյեկտներից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում է տեղի ունեցել։ Իրանական կողմի տվյալով՝ սարքերից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկուսը հաջողվել է չեզոքացնել:

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱԹԵՆՔԻ ԴԵՄ. ԷՐԴՈՂԱՆ

Արևմուտքի կողմից զենքի, այդ թվում՝ տանկերի մատակարարումը Կիևին չի նպաստի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝ թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ ռազմական մատակարարումների ավելացումը ռիսկային քայլ է և ձեռնտու է հատկապես «զենքի բարոններին»։

Նա անդրադարձել է նաև Հունաստանի հետ հարաբերություններին, մեղադրել հարևան երկրին լարվածության քաղաքականություն վարելու և Թուրքիայի վրա հարձակումների համար: Էրդողանը զգուշացրել է՝ Թուրքիան կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հունաստանի նման գործելաոճի դեմ՝ ինչպես իրավական դաշտում, այնպես էլ հենց տեղում:

Էրդողանը խոսել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հեռանկարից, նշել, որ Թուրքիայի խորհրդարանը պատրաստ է քննարկել Ֆինլանդիայի դիմումը, եթե Հելսինկին հետևի Մադրիդյան հուշագրի դրույթներին և կատարի ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի պահանջները։ Միաժամանակ, նա հավելել է՝ Շվեդիային որպես ՆԱՏՕ-ին անդամակցության թեկնածու Անկարան չի դիտարկում:

Ավելի վաղ՝ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել էր՝ հարկավոր է հստակ գիտակցել, որ Շվեդիան՝ որպես պետություն, պատասխանատու չէ Ղուրանի այրման և հակաթուրքական ակցիաների հետևանքով Անկարայի և Ստոկհոլմի միջև լարվածության համար: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն էլ համոզմունք է հայտնել, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և մոտ ապագայում կմիանան դաշինքին։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, մտքեր փոխանակել ռազմական ոլորտում գործակցության մասին:
Նախատեսվում է նաև, որ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովը և Ջուանշեր Բուրչուլաձեն կհետևեն Թուրքիայում անցկացվող «Ձմեռային վարժանքներ - 2023» միջազգային զորավարժությունների ընթացքին։

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքին։ Բանակի մամուլի ծառայությունից ավելի ուշ նաև հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության ուժերը թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի՝ զենքի արտադրության հետ կապված օբյեկտները։

«Սա պատասխանն է Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակմանը, որը մեր հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է որսալ»,- ասված է իսրայելական կողմի հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը վճարելու է պետության անվտանգությունը խախտելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում