Իրանցի գեներալը զգուշացրել է Ադրբեջանին

ԴԴիանա Գասպարյան

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼՈՒ ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալիռեզա Թահանին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դասեր քաղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և չկրկնել Սադամ Հուսեյնի սխալները՝ տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները:

«Ցանկացած երկիր, որը մտադրություն ունի ներխուժել Իրանի տարածք, պետք է չսխալվի իր հաշվարկներում և իմանա, որ գործ կունենա Իրանի ամբողջ ժողովրդի հետ, քանի որ մեր երկիրը միասնական է՝ բաղկացած տարբեր էթնիկ խմբերից՝ տարբեր համոզմունքներով»,- հավելել է գեներալը՝ անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական հայտարարություններին:

ԷՐԴՈՂԱՆԸ՝ 2020 Թ. ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան մասնակցություն է ունեցել 2020 թվականին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։

«Մենք Ղարաբաղում օգնության հասանք մեր եղբայրներին: Նույնկերպ մենք եղել ենք նաև Լիբիայում: Թուրքիան այնտեղ է, որտեղ իր եղբայրներն են»,- ասել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ 16-ՐԴԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի է ունեցել Հռոմի պատվավոր Պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորության արարողությունը։

Պոնտիֆիկոսին հրաժեշտ տալու է եկել շուրջ 100.000 մարդ: Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը ևս մեկնել է Վատիկան՝ մասնակցելու արարողությանը։

Բենեդիկտոս 16-րդը մահացել է դեկտեմբերի 31-ին՝ 96 տարեկանում: Նա առողջական լուրջ խնդիրներ ուներ: Գահը զբաղեցրել է 2005-2013 թվականներին: Բենեդիկտոս 16-րդը 1415 թվականից ի վեր առաջին Պապն է, որը կամավոր է լքել գահը։

ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Ռեջեփ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ կողմերը քննարկել են Թուրքիայում գազային հանգույցի ճանապարհային քարտեզի մշակման հետ կապված հարցեր, անդրադարձել Ուկրաինայի և Սիրիայի շուրջ զարգացումներին: Էրդողանը կոչ է արել դադարեցնել կրակն Ուկրաինայում։ Թուրքական կողմի տվյալով՝ նա աջակցություն է հայտնել բանակցությունների վերսկսման, խաղաղության հաստատման, միակողմանի զինադադարի և արդար կարգավորման կոչերին։

Թուրքիայի ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ Սիրիայի հյուսիսն ահաբեկիչներից մաքրելու համար հարկավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Էրդողանը հավելել է՝ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Սիրիայի ղեկավարությունը պետք է քաղաքական քայլեր ձեռնարկի։

Կրեմլից էլ հայտնել են, որ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է ուկրաինական հարցով լուրջ երկխոսություն վարելու պատրաստակամությունը՝ պայմանով, որ Կիևի իշխանությունները կատարեն Մոսկվայի պահանջները և հաշվի առնեն տարածքային նոր իրողությունները։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ սիրիական հարցով եռակողմ շփումները կնպաստեն Սիրիայում իրավիճակի բարելավմանը, այդ երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը և փախստականների խնդրի լուծմանը:

ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԹԻՐԱԽՈՒՄ

Չնայած Մոսկվայում Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա եռակողմ հանդիպմանը և դիվանագիտական ջանքերով Սիրիայում կարգավորման անհրաժեշտության մասին այդ երկրների հայտարարություններին՝ թուրքական բանակը շարունակում է թիրախավորել Սիրիայի հյուսիսային շրջանները: Թուրքիայի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ հակաահաբեկչական գործողության շրջանակում ոչնչացվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 12 ներկայացուցիչ։

ՖՐԱՆՍԻԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՌԴ ՀԵՏ. ԿՈԼՈՆՆԱ

Ֆրանսիան հանդես է գալիս Ռուսաստանի ղեկավարության հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում շարունակելու օգտին և դիվանագիտական կապեր է պահպանում Մոսկվայի հետ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Կատրին Կոլոննան նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև նոր շփումների մասին պայմանավորվածություն դեռևս չկա, այնուհանդերձ, դրանք հնարավոր են: Դիվանագետը նշել է, որ բանակցությունների համար հիմք կարող է դառնալ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում