Տնտեսական աճը կկազմի 14%. վարչապետին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության 2022-ի կատարողականը

ԼԼիլիթ Ասատրյան

2022 թ. առաջին 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 12.1 տոկոս տնտեսական աճ: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ վերջնարդյունքում տնտեսական աճը կկազմի 14 տոկոս: Վարչապետին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022 թ. գործունեության կատարողականը:

Աշխատանք է տարվել հանրային ներդրումների կառավարման բարելավման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ գործակցության խթանման ուղղություններով, կատարողականը 82 տոկոսից ավելի է. զեկուցել են վարչապետին, նշել, որ ավարտին են հասցվում գործարար միջավայրի բարելավման ծրագիրը և տնտեսական բարդ ներդրումային չափանիշների մասին Կառավարության որոշման նախագիծը: Մշակման փուլում են տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականությունները, կանաչ տնտեսության զարգացման ռազմավարությունը:

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել արդյունաբերական քաղաքականության, ներդրումների և որակի ենթակառուցվածքների ոլորտներում աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ մեկնարկել է «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց ծրագիրը», որով հետաքրքրվածների թիվը 50-ից ավելի է, այժմ քննարկման փուլում է 8 ակտիվ հայտ:

Մեկնարկել է տնտեսական կարողությունների արդիականացման ծրագիրը, որով ձեռնարկությունները հնարավորություն են ստացել՝ մինչև 10 մլրդ դրամ գրեթե անտոկոս վարկ ստանալ սարքավորումների համար: Այս պահին պորտֆելը կազմում է 42 մլրդ դրամ: Արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելու համար աշխատավարձի սուբսիդավորման ծրագրի համար արդեն 200 դիմորդ կա, հաջորդ տարվանից կմեկնարկի գործընթացը: Նախաձեռնվել են բիզնես գործընթացների թվայնացման աշխատանքներ: ՀՆԱ-ում փոքր և միջին ձեռնարկությունների կշիռը բարձրացնելու նպատակով մշակվում են ՓՄՁ-ների և կրթության, գիտության միջև կապի խթանմանը, պետություն-ձեռնարկություններ գործընկերության զարգացմանն ուղղված ծրագրեր:

Աճ է գրանցվել մի շարք երկրների հետ ապրանքաշրջանառության ուղղությամբ: Մշակվել է արտահանման ռազմավարության տեխնիկական առաջադրանքը:

Գյուղատնտեսության բնագավառում, ներառյալ ձկնաբուծությունը, 9 ամսում արձանագրվել է 0.5 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 713 մլրդ դրամ: Հաստատվել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը, որը 2023 թ. կմտնի իրականացման փուլ:

Ինտենսիվ այգեգործության ծրագրով՝ 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է 1533 հա այգեհիմնման և 2000 հա ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման հայտ: Սկիզբ է դրվել տնկանյութի հավաստագրման գործընթացին։ Հաջող իրականացվում են գյուղտեխնիկայի լիզինգի և գյուղապահովագրության ծրագրերը:

Գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրով միայն երրորդ եռամսյակում գրեթե 7000 վարկային պայմանագիր է կնքվել, ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 224 մլրդ դրամ:

Վարչապետը նշել է ներդրումային ծրագրերի ծախսարդյունավետություն/եկամտաբերություն հարաբերակցության ճիշտ գնահատման կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել տնտեսական բազմակի էֆեկտ ապահովող ներդրումային ծրագրերի իրականացումը և օժանդակել գործարար միջավայրի բարելավմանը:

Փաշինյանի խոսքով՝ պետություն-մասնավոր գործընկերության համար անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծումը թույլ կտա հաջող իրականացնել նախանշված ներդրումային ծրագրերը: Վարչապետն ընդգծել է նաև որակի ենթակառուցվածքների ստանդարտացման և հավատարմագրման գործընթացի պատշաճ իրականացման, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը:

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարականներ է տվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում