Անկարան և Բաքուն միշտ միասին են. տեղի է ունեցել Չավուշօղլու-Բայրամով հանդիպումը

ԴԴիանա Գասպարյան

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ

Լեհաստանում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո Բայրամովը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ թուրք գործընկերոջ հետ անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրության հարցերի: Նա ընդգծել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են՝ մեկ ազգ, երկու պետություն։

Չավուշօղլուն էլ հայտարարել է, թե ադրբեջանցի «եղբոր» հետ քննարկել են հետագա քայլերը։

«Անկարան և Բաքուն միշտ միասին են՝ ձեռք-ձեռքի տված»,- շեշտել է թուրք դիվանագետը։

ՎՐԱՍՏԱՆԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Վրաստանում այցով գտնվող Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հայտարարել է, որ այդ երկիրը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում: Նա հիշեցրել է, որ սերտորեն գործակցել է Թբիլիսիի հետ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման միջնորդի:

Ռիքերի խոսքով՝ Վրաստանը ԵՄ մոնիտորինգային մեխանիզմների աջակցությամբ շարունակում է նպաստել տարածաշրջանային անվտանգությանը:

Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները վճռական է՝ օգնելու Վրաստանին ապահովելու իր անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես դա արել է վերջին 30 տարվա ընթացքում։
«Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու՝ Վրաստանին ձգտումներին», - հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ Ռիքերը աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նա տեղեկացրել է, որ Բաքու և Թբիլիսի այցերից հետո կժամանի նաև Հայաստան:

ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ՝ ԻՐԱՆԸ ԿՓՈԽԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ. ՄԱԼԼԻ

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է գնալ ռազմական լուծման՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Սակայն դա դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց: Այս պահին Վաշինգտոնը դա չի դիտարկում և նման անհրաժեշտություն չկա։

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի միջուկային գործարքի հետ կապված խնդիրները լուծելու լավագույն տարբերակը դիվանագիտությունն է:

«Դեռ հույս ունենք, որ Իրանը կփոխի իր ներկայիս դիրքորոշումը»,- ասել է Մալլին։

ԼԼՈՅԴ ՕՍԹԻՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐԻ ՀԵՏ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ: Նա անհանգստություն է հայտնել Սիրիայի հյուսիսում էսկալացիայի կապակցությամբ և ընդգծել, որ Պենտագոնը կտրականապես դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։ Օսթինը հավելել է, որ տարածաշրջանում վերջին ավիահարվածները սպառնացել են Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարող ԱՄՆ զինվորականների անվտանգությանը:

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև ցավակցություն հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ։

Թուրքական կողմի տվյալով՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր, անդրադարձել անվտանգային խնդիրների։ Աքարը շեշտել է, որ Անկարան և Վաշինգտոնը կարևոր դաշնակիցներ են։

Նա ընդգծել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողության նպատակն է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը և Թուրքիայի սահմանները: Աքարը պնդել է՝ Թուրքիայի գործողությունն ինքնապաշտպանական բնույթ է կրում և բխում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածից։
«Մեր միակ թիրախն ահաբեկիչներն են, և ոչ դաշնակցային ուժերը կամ խաղաղ բնակչությունը», - հավելել է Աքարը։

ԻՊ-Ը ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ. ՊԵՆՏԱԳՈՆ

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդը սպանվել է հոկտեմբերին հատուկ գործողության արդյունքում։

«Աբու ալ-Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրեյշիի մահը ևս մեկ հարված էր Իսլամական պետության համար», - ասված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ:

Պենտագոնում նշել են, որ Իսլամական պետությունը սպառնալիք է տարածաշրջանի համար, և ԱՄՆ-ը աշխատում է գործընկերների հետ՝ վերջնականապես ջախջախելու այդ ուժը։

ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ ՀԵՌԱՀԱՐ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ ՉԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ՔԻՐԲԻ

Վաշինգտոնը Ուկրաինային ավելի հեռահար զինատեսակներ չի մատակարարում էսկալացիայից խուսափելու համար: Այնուհանդերձ, Միացյալ Նահանգները և դաշնակիցները մտադիր են Կիևին հակաօդային պաշտպանության լրացուցիչ ժամանակակից համակարգեր տրամադրել՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինա է ուղարկել NASAMS զենիթահրթիռային համակարգեր, որոնք բավականին արդյունավետ են գործել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում