7 մլրդ դրամ ներդրում, 100 նոր աշխատատեղ. Եղվարդում գործարանի բացմանը մասնակցել է վարչապետը

ՄՄարիա Գաբրիելյան

Եղվարդ համայնքում բացվում է համակցված կերերի նոր գործարան: Պաշտոնական բացմանը ներկա է վարչապետը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Էն ժամանակ, որ հետաքրքրվում էինք, ինչու ներդրումներ չեն անում, ասում էին՝ կերի հետ կապված խնդիրներ կա, գինը թանկ է: 80 տոկոսը ներկրվում էր: Հիմա, փաստորեն, բոլոր կենդանիներին համար էլ արտադրվում է կեր:

Սեփականատիրոջ դիտարկմամբ՝ գործարանն իր արտադրողականությամբ ու ցածր գնով տարածաշրջանում առաջինն է, հագեցած է նորագույն սարքավորումներով, արտադրման ամբողջ համակարգն ավտոմատացված է։

Նարեկ Նալբանդյան («Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր) - Ժամում 20 տոննա արտադրողականություն ունի գործարանը, իսկ թե ինչ պոտենցիալով կաշխատենք, կերևա շուկայից, վաճառքից: Մեր գործարանը տարբերվում է մյուսներից, որ գերժամանակակից ա, ու 5-6 անգամ քիչ աշխատակիցներ ունենք, ավտոմատացված է, և ինքնարժեքը իջնելու է, նաև կորուստներն են քիչ լինելու, նաև ռուսական և վրացական ընկերություններից է ցածր լինելու ինքնարժեքը:

7 մլրդ դրամ ներդրում, 100 նոր աշխատատեղ, եթե ակնկալվող արդյունքները լինեն՝ «Նալբանդյան ագրո» գործարանում նաև ձկան կերեր կարտադրեն:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐԱԲԱՑ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վարչապետին շրջայցի ընթացքում Նարեկ Նալբանդյանը գործարանի հնարավորություններն է ներկայացնում: Բաղադրատոմսերի հաշվարկը կատարվում է վերջին սերնդի ծրագրային ապահովմամբ, որը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ բոլոր տեսակի կենդանիների և թռչունների համար։ Արտադրանքի մեջ օգտագործվող վիտամինային-միներալային հավելումները եվրոպական առաջատար ընկերությունների արտադրության են: Մոտ 10 օրից արդեն գյուղատնտեսական բոլոր կենդանիների համար նախատեսված կերերը կվաճառվեն տեղական շուկայում, իսկ արտահանումը կսկսվի 1-2 ամսից: Արտահանման հիմնական ուղղություններն են լինելու Վրաստանն ու ԵԱՏՄ-ն, արդեն կան նախնական պայմանավորվածություններ:

Գործարանի կառուցման ծրագիրն իրականացվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ:

Լևոն Օհանեսյան («Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն) - Մենք շատ ենք կարևորում արտադրական ներդրումները, որոնք կնպաստեն տնտեսությանը: Այս փուլում գյուղատնտեսությունը բում է ապրում, և մենք բավականին ներդրողներ ունենք այս ոլորտում: Այս գործարանն ունի նաև շատ ռազմավարական նշանակություն, քանի որ շատ գյուղատնտեսներ, որոնք ուզում են բացել թռչնաֆաբրիկա, խոզաբուծարան, խոշոր, մանր եղջերավոր կենդանիների ֆերմա, անասնակերի խնդիր ունեն:

«Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օգնությամբ տնտեսության տարբեր ճյուղերում մոտ 2,2 մլրդ դոլարի 160 ներդրումային ծրագիր է իրականացվում:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում