Մոտ 56 տոկոս աճ՝ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում

ՄՄարո Թարվերդյան

Արտաքին առևտրաշրջանառության 56,2 տոկոս աճ՝ հունվար-օգոստոսին: Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներում ամենաբարձր աճ արձանագրած ուղղությունն է: 8 ամսում արտահանումն աճել է 52,9, իսկ ներմուծումը՝ 58.2 տոկոսով:

Արտահանման հիմնական ուղղությունը՝ շարունակում է մնալ Ռուսաստանը՝ 36,3 տոկոս, մնացյալ ԱՊՀ երկրները միասին՝ 2,4 տոկոս: Եվրամիություն արտահանումը կազմել է 18,6 տոկոս: Հիմնական երկրներն են՝ Բուլղարիա (6%), Նիդերլանդներ (4.9%), Գերմանիա (2.5%), մնացյալ երկրներից առաջատարը Չինաստանն է՝ 8,1, ապա Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 7,9 տոկոսով:

Արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունները 2 գործոն են առանձնացնում, առաջինն այն է, որ սահմանափակումների պատճառով Ռուսաստանում մեծացել է հայկական արտադրանքի պահանջարկը:

Նորայր Գևորգյան (բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր) - Բայց կա նաև մյուս ուղղությունը, երբ որ էդ արտահանումը դա Հայաստանից չի, այսինքն տրանզիտ գալիս է Հայաստան և գնում է Ռուսաստան: Էն ապրանքները, որոնք էս աշխարհաքաղաքական իրադարձություններից ելնելով լոգիստիկ խնդիրներ ունեն և չեն կարողանում մտնել Ռուսաստան այն ուղղություններով, որոնք նախկինում օգտագործվել են, հիմա օգտագործվում է այս ուղղությունը, բնականաբար, այդ ապրանքները ոչ հայկական ապրանքներ են»:

Հայաստանի խոշոր արտահանվող ապրանքներն են՝ հանքահումքային արտադրանքը, պատրաստի սնունդը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները: Ներմուծման առումով առաջատարը մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են, հանքահումքային արտադրանքը և վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները: Այստեղ ևս Ռուսաստանն է առաջատարը՝ 32,8 տոկոս, Եվրամիության երկրները 16,9 տոկոս են: Այլ երկրների կշիռը ներմուծման մեջ 47,7 տոկոս է:

Նորայր Գևորգյան - Թե՛ ներմուծման, թե՛ արտահանման դեպքում լոգիստիկ ու ընդհանրապես էդ ծառայություններով զբաղվող ընկերությունները միայն շահում են, իսկ թե ինչքանով է դա լավ Հայաստանի համար՝ կասեմ, որ եթե մենք էսպես շարունակենք, ուրեմն մեզ լոգիստիկ ծառայությունների առումով ավելի մեծ հնարավորություններ պիտի ստեղծենք, որովհետև էս պահին ինչ-որ մենք ունենք դա բավականին, այսպես ասած, գերլարումով, այսինքն՝ իրա վերջին մակարդակով է աշխատում»:

Բեռնափոխադրողները վստահեցնում են, եթե Լարսում հերթեր և խնդիրներ ժամանակ առ ժամանակ չլինեին՝ այս ցուցանիշը շատ ավելի բարձր կլիներ: Այս պահին Հայաստանը դեռևս կարողանում է աշխարհաքաղաքական և տնտեսական ծանր իրավիճակում շահած դուրս գալ:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում