Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտվել է. զորակոչվել է 300 հազար քաղաքացի

ԴԴիանա Գասպարյան

ՇՈՅԳՈՒՆ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին: Նրա խոսքով՝ նոր միջոցառումներ նախատեսված չեն: Շոյգուի ներկայացմամբ, ինչպես և որոշված էր, զորակոչվել է 300.000 մարդ: 82 հազարն արդեն ուղարկվել է ռազմական գործողությունների գոտի։ Այսուհետև զինկոմիսարիատները կընդունեն միայն կամավորների և պայմանագրային զինվորական ծառայության անցնել ցանկացող անձանց դիմումները։ 

BAYKAR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2 ՏԱՐՈՒՄ ԿԱՎԱՐՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Թուրքական «Baykar» ընկերությունը նախատեսում է երկու տարում ավարտել Ուկրաինայում Բայրաքթար անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանի կառուցումը, հայտարարել է կառույցի գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը, հավելել՝ կառուցման նախագիծն արդեն մշակված է։

Նա նշել է, որ նախաձեռնությունը բարեհաջող իրականացվում է՝ չնայած պատերազմի պատճառով ի հայտ եկող որոշ խոչընդոտների։

Բայրաքթարի խոսքով՝ ստացված եկամուտները կուղղվեն կազմակերպության արտադրանքի ծավալների ընդլայնմանը:

ԽԵՐՍՈՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Խերսոնում Դնեպրի աջ ափից և շրջկենտրոնից խաղաղ բնակչության տարահանումն ավարտվել է, հայտնել է շրջանի փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմուսովը։ Տեղական իշխանությունների տվյալով՝ մինչ օրս Խերսոնը լքել է շուրջ 40 հազար մարդ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ խաղաղ բնակիչները շրջանի աջափնյա հատվածից կտեղափոխվեն Դնեպրի ձախ ափ՝ ուկրաինական ԶՈւ հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով:

ԲԱՅԴԵՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ միջուկային զենքի հնարավոր կիրառման հետ կապված հարցերին Ռուսաստանի ղեկավարության մոտեցումը վտանգավոր է։
Մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Վալդայի համաժողովում Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Մոսկվան երբեք առաջինը չի խոսել միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին, այլ միայն ակնարկներով պատասխանել է հակառակորդների հայտարարություններին, Սպիտակ տան ղեկավարը նշել է.

«Եթե Պուտինը նման մտադրություն չունի, ինչո՞ւ է խոսում տակտիկական միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին: Նա կարող է կարգավորել ստեղծված իրավիճակը՝ ուղղակի հեռանալով Ուկրաինայից»։

ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2022 թվականի համար ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարության նոր տարբերակը, որում անդրադարձ կա երկրին սպառնացող վտանգներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից։

Փաստաթղթի համաձայն՝ Պենտագոնը պետք է անհետաձգելի միջոցներ ձեռնարկի՝ պահպանելու և ուժեղացնելու Միացյալ Նահանգների զսպման կարողությունները՝ հաշվի առնելով, որ ամերիկյան վարչակազմը Չինաստանին համարում է Վաշինգտոնի գլխավոր մարտահրավերը։ Նշվում է, որ ամերիկյան կողմը զգոն է նաև Հյուսիսային Կորեայի, Իրանի և ծայրահեղական կազմակերպությունների հետ կապված:

Ըստ ռազմավարության՝ Միացյալ Նահանգները միջուկային զենքը չի օգտագործի այլ երկրներին «վախեցնելու» համար՝ ի տարբերություն Վաշինգտոնի որոշ հակառակորդների։

Վաշինգտոնը նաև պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման նոր պայմանագրի շուրջ։ Ընդ որում, Ազգային պաշտպանության ռազմավարության մեջ նշվում է, որ սպառազինությունների հետագա վերահսկողության և ռազմավարական կայունության ապահովման հարցերում Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնահերթությունները տարբերվում են, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության պահպանման կարևորությունը:

ԻԼՈՆ ՄԱՍԿԸ ԳՆԵԼ Է «ԹՎԻԹԵՐԸ»

Իլոն Մասկը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը, նախկին ղեկավարությունը լքել է սոցցանցի շտաբը՝ հայտնում է CNBC-ին՝ վկայակոչելով իր աղբյուրները։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Մասկին և հայտարարել, որ իր միկրոբլոգը, հնարավոր է, վերականգնվի։

Թվիթերում Թրամփի էջն արգելափակվել էր այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր ընդունել 2020 թվականի ընտրություններում իր պարտությունը, և նրա կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիում: Twitter-ի ղեկավարությունը մտահոգված էր, որ Թրամփի հրապարակումները կարող են նոր անկարգություններ հրահրել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում