Նոր ռեկորդ աշխատաշուկայում. սեպտեմբերին աշխատատեղերը 691.087-ն են եղել

ԳԳոհար Սարգսյան

Պետական եկամուտների կոմիտեի տվյալով՝ աշխատատեղերն այս տարվա սեպտեմբերին 691 հազար 87-ն են եղել՝ 6.1 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ամսին էր: Իսկ 1 աշխատատեղի միջին եկամուտը եղել է 253 հազար 838 դրամ՝ 12.9 տոկոսով ավելի, քան 2021-ի սեպտեմբերին: Աշխատատեղերի ցուցանիշը ամենաբարձրն է բոլոր ժամանակների համար: 

Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Այստեղ, բնականաբար, այո, կա և՛ ստվերի նվազման գործընթաց, կա և՛ ընդհանուր առմամբ տնտեսական դրական զարգացումներից աշխատատեղերի ավելացման գործընթաց: Ու, բնականաբար, կա նաև վերջին տարվա ֆենոմենը. փետրվար ամսից սկսած՝ Ռուսաստանից ռելոկանտների տեղափոխումը Հայաստան՝ մի քանի հազար ձեռնարկությունների գրանցումը և դրան համապատասխան աշխատատեղերի ավելացումը Հայաստանի տնտեսությունում:

Մասնագետների գնահատմամբ՝ գնաճի տեմպերի համեմատ միջին աշխատավարձը երկրում ավելացել է: Գնաճը այս սեպտեմբերին եղել է մոտ 10 տոկոս, մինչդեռ միջին աշխատավարձն աճել է մոտ 13 տոկոսով:

Հայկազ Ֆանյան (Acses վերլուծական կենտրոնի ղեկավար) - Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների թիվը կրճատվել է Հայաստանում, փոխարենը ավելի քան 38 հազարով ավելացել է էն անձանց թիվը, որոնք ստանում են 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ: Միևնույն ժամանակ, քանի որ կտրուկ ավելացել է նաև այն անձանց աշխատավարձը, որոնք ստանում են 2 մլն դրամ և ավել՝ շուրջ 4000 հոգի, դա բնականաբար ազդել է, որ միջին աշխատավարձը էականորեն ավելանա:

Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ Հայաստանի 691 հազար 87 աշխատողների մոտ 54 տոկոսը ստանում է մինչև 150 հազար դրամ եկամուտ, ավելի քան 44.9 տոկոսը՝ 150 հազարից մինչև 2 մլն դրամ, 1.1 տոկոսը ստանում է 2 մլն դրամ և ավելի եկամուտ:

Ըստ Հայկազ Ֆանյանի՝ 2 մլն դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թվի աճը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների հոսքով վերջին ամիսներին: Իսկ թե ինչու են աշխատավարձերն այսչափ բևեռացված նշում է:

Հայկազ Ֆանյան - Ես կարծում եմ՝ դեռևս ստվերի մակարդակը ոչ թե քանակապես գրանցվածների շրջակայքում է, այլ թե իրական ինչքան են ստանում: Այսինքն՝ որոշ անձինք ոչ թե չեմ բացառում, այլ բնականաբար կան այդպիսի երևույթներ մեր երկրում, որոնք բացի պաշտոնապես գրանցված աշխատավարձից նաև, այսպես ասած, ծրարներով են գումար ստանում: Ցավոք սրտի, դեռևս էդ գործընթացը կա, ես կարծում եմ՝ իրականում այդ տոկոսը շատ ավելի քիչ է, քան պաշտոնական թվերով երևում է:

Հայաստանի աշխատուժն ավելի շատ է, քան հրապարակված տվյալներն են: Պատճառը գյուղատնտեսական աշխատանքով զբաղվողների տվյալները չներառելն է:

Նարեկ Կարապետյան - Մենք նախկինում մինչև 500 հազարին հասնող՝ գյուղատնտեսությամբ զբաղվածների ցուցանիշ ունեինք, ներկայումս դա կրճատվել է 300-400 հազարի միջակայքի: Բայց, ամեն դեպքում, դա զգալի թիվ է, այսինքն՝ գյուղատնտեսական զբաղվածությամբ բնութագրվող քաղաքացիները ևս զբաղվածներ են համարվում, սակայն դա տեսանելի չէ ՊԵԿ-ի վիճակագրությամբ: Եվ երբ էս 2 ցուցանիշները գումարում ենք իրար՝ ֆորմալը և ոչ ֆորմալը, զբաղվածների ցուցանիշը մոտենում է 1 մլն-ի:

Հայկազ Ֆանյանը աշխատատեղերի աճը պայմանավորում է նաև Կառավարության 5-ամյա ծրագրի թիրախների կատարմամբ:

Հայկազ Ֆանյան - 2021-2026 թվականների Կառավարության ծրագրով դրված էր մի էսպիսի թիրախ, որ ֆորմալ աշխատատեղերի գեներացրած աշխատավարձի մեծությունը պետք է հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսի: Մենք ունենք 2 էսպիսի միտում. միջին աշխատավարձը ավելանում է, և ավելանում է նաև աշխատատեղերի քանակը, աշխատողների քանակը, որի արդյունքում մենք մոտենում ենք Կառավարության սահմանված թիրախին:

Տարվա 9 ամսվա ընթացքում երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է մոտ 60 հազարով:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում