Հարցականի տակ են համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները. ՀՀ վարչապետ

ԱԱնուշ Մուրադյան

Հայկական եռագույնի կողքին ծածանվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի պետական դրոշները: Երևանը հյուրընկալում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Երկօրյա նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների վարչապետները: Բարձրաստիճան հյուրերին դիմավորում է Նիկոլ Փաշինյանը:

Երբ բոլորն արդեն ներսում են, հերթը արարողակարգային լուսանկարինն է:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԵԱՏՄ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապա վարչապետներն առանձնանում են՝ կլոր սեղանի շուրջ նեղ կազմով քննարկման: Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային նիստն ավանդաբար հենց Երևանում է անցկացվում՝ ողջյունի խոսքում նկատում է վարչապետ Փաշինյանը: Ապա ցավով փաստում է, որ համաշխարհային տնտեսությունը դժվարին ժամանակաշրջան է ապրում: Առևտրային, արդյունաբերական ու լոգիստիկ կապերը, որոնք համավարակից հետո նոր էին սկսել վերականգնվել, ըստ վարչապետի, նոր ցնցումների են ենթարկվում:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հարցականի տակ են հայտնվել համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները։ Ներկայիս անկայուն տնտեսական իրողություններում, որևէ մեկի մեջ կասկած չի հարուցում բարձր մակարդակում պարբերաբար երկխոսության պահանջարկը և արդիականությունը՝ ավելի համակարգված և կոորդինացված գործակցության համար։ Շահերի փոխըմբռնումը, փոխզիջման և համագործակցության պատրաստակամությունը կարող են լինել շատ հարցերի լուծման բանալին։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ԵԱՏՄ-ում ամենօրյա աշխատանքի կարևորությունը ծագող խնդիրներին արագ արձագանքելու և համակարգված միջոցներ մշակելու համար: Հրատապ խնդիրներն այս նիստի օրակարգում են լինելու՝ ասաց Փաշինյանն ու խոսքը փոխանցեց ԵԱՏՄ նախագահող Ղրղզստանի վարչապետին: Ակիլբեկ Ժապարովն էլ իր հերթին շեշտեց՝ նիստն անցկացվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական բարդ ժամանակներում, բայց, չնայած դրան, միության կապերը պետք է ամուր լինեն:

Ակիլբեկ Ժապարով (Ղրղզստանի վարչապետ) - Այս ոչ հեշտ ժամանակաշրջանում մեր միությունը, կարծում եմ, պետք է ցուցաբերի իր գլխավոր նպատակը՝ քաղաքացիների կյանքի բարելավումը, որին հնարավոր է հասնել փոխադարձ առևտրի խոչընդոտների հաղթահարման, գործընթացների պարզեցման միջոցով: Մենք դրա համար ունենք այն, ինչ անհրաժեշտ է, և, իմիջիայլոց, գլխավորը մեր պետության ղեկավարների քաղաքական կամքն է: Մեզ մնում է անել կառավարություններից կախված ամեն հնարավորը տնտեսական գործընկերության համար:

Նիստի մյուս հատվածն արդեն դռնփակ անցավ: Վաղը մաքսային միության անդամ 5 երկրի կառավարության ղեկավարները ընդլայնված կազմով նիստ կգումարեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում