Ասֆալտի որակի ստուգում նորակառույց ճանապարհներին

ՀՀերմինե Բաղդասարյան

Ասֆալտ ծակող սարքը Ճանապարհային դեպարտամենտինն է, տեղանքը՝ Էջմիածին-Արմավիր մայրուղին։ Շինարարից աշխատանքն ընդունելուց առաջ մասնագետները եկել են թարմացված ասֆալտի որակը ստուգելու։

Հրաչիկ Հովհաննիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիայի գլխավոր մասնագետ)  - Ամեն մի 7000 քառ. մետրից հանվում է մեկ կոմպլեկտ, մեկ կոմպլեկտը բաղկացած է 3 հանուկից:

Ճանապարհից կտրվող նմուշները լաբորատորիա փորձաքննության կգնան՝ պարզելու՝ որքան որակով գործ է արել այս հատվածում 14,4 կմ երկարությամբ ասֆալտ փռած «Լոեպոլդ և ընկերներ» ընկերությունը։

Հովհաննես Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ավագ ինժեներ) - Կատարվել են միջին նորոգման աշխատանքներ, հանվել է մաշված շերտը, կատարվել է հարթեցում, և տեղադրվել է 5 սմ ասֆալտի ասֆալտբետոնե նոր ծածկ:

Պահանջվող 5 սմ-ը ճանապարհաշինարարն ապահովել է թե ոչ՝ չափում են տեղում, որ ընկերության ներկայացուցիչն էլ տեսնի։

Արտակ Ղորխմազյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր մասնագետ) - Սա վերևը նոր ասֆալտն է, 5 սմ հաստությամբ, ինչը բավարարում է հաստությանը, խտությունը լաբորատորիայում կստուգենք:

Նմանատիպ ստուգումներ իրականացվում են բյուջեի փողերով նորացվող բոլոր ճանապարհներին․ տարվա գրաֆիկում 170 կմ հիմնովին, 85 էլ՝ միջին նորոգում կա։ Գումարած դրան, սուբվենցիոն ծրագրի դեպքում, եթե մարզպետարանը կամ համայնքը դժգոհություն ունեն, ծանուցում-դիմում են դեպարտամենտին, որ լաբորատորիա ուղարկի՝ գործընթացն է ներկայացնում կառույցի ղեկավարը։

Գոռ Ավետիսյան «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - պետական բյուջեի մասով ֆինանսավորվող բոլոր 500 կմ ճանապարհները, մենք 95 տոկոսով վերահսկում ենք, կապ չունի՝ պայմանագիր ունենք թե ոչ:

Ավետիսյանը վստահեցնում է․ մինչև հանուկի միջոցով ասֆալտի որակի գնահատման վերջին փուլին հասնելը՝ դեպարտամենտը պարբերաբար ստուգում է նաև՝ ճանապարհաշինարարների օգտագործած խճի խոշորությունից մինչև ավազի մանրությունը, բիտումը համապատասխանո՞ւմ են սահմանված պահանջներին։ Արմավիրի այս տեղամասի կապալառուն պնդում է՝ հանգիստ խղճով են բոլոր նմուշները փորձաքննության ուղարկում։

Էդգար Վարդանյան («Լեոպոլդ և ընկերներ» ընկերության տեղամասի պետ) - Մինչև հիմա ինչ արել ենք՝ համապատասխանել է որակը՝ թե՛ հաստությունը, թե՛ խտությունը, գիտեք որ եթե որակի խնդիր լինի՝ վճարման հարց է առաջանալու, տեղյակ եմ, չեք անհանգստանում. իհարկե՝ ոչ:

Եթե պարզվի՝ ասֆալտի բաղադրությունը կամ մակերեսի թեքություն-հարթությունը, այնուամենայնիվ, այն չեն, մինչև թերությունները չշտկվեն, աշխատանքի հանձնում-ընդունում չի արվի։ Խախտումներ դեպարտամենտն այս տարի արձանագրել է ճանապարհաշինարարների գործի տարբեր փուլերում։

Էդգար Վարդանյան - Մենք բազմաթիվ տեղեր որ ստուգում ենք, և նույն բիտումը մարկային չի համապատախսանում, չենք թողնում այս ընթացքում դա օգտագործեն: Նման դեպքերը բազմաթիվ են: Եթե անորակ է արվում, դրանք կապալառուն վերացնում է իր միջոցներով:

Ի դեպ, որպեսզի երաշխիքային ժամկետում առաջացած թերությունները վերացնելիս ճանապարհաշինարարը չասի՝ հիմա փող չունեմ, լինի՝ կանեմ, ու ձգձգի գործը, անցած տարվանից կապալառուների հետ կնքվող պարտավորագիրը փոխվել է։ Պետությունն այժմ բանկային երաշխիք է պահում պայմանագրի արժեքի 10 տոկոսի չափով։

Էդգար Վարդանյան - Դա բավականին մեծ գումար է: Եթե պատկերացնենք, որ 60 մլրդ է նախատեսվել բյուջեից, 6 մլրդը մենք պահում ենք, 3 տարի հետո վերադարձնենք շինարարին, եթե թերություն լինի, ու շինարարը չշտկի: Մենք այդ գումարները, կախված վնասի չափից, կօգտագործենք:

Այդպես՝ անորակ ասֆալտի համար բյուջեից լրացուցիչ գումար չի ծախսվում․ խոտանն ուղղվում է ընկերությունների հաշվին։ Լինում են, սակայն, դեպքեր, հիմա էլ կան, որ պայմանագրի ժամկետը լրացել է, ճանապարհաշինարարն աշխատանքը չի ավարտել․ այդ ժամանակ արդեն՝ տույժ-տուգանք են կիրառում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում