Արտոնություն թղթե սպասք արտադրող ընկերությանը

ՀՀերմինե Բաղդասարյան

Րոպեում 70 բաժակ արագությամբ 17 հաստոց է առավոտից իրիկուն աղմկում «Արտ գլոբալի» արտադրամասում։ Մեկանգամյա օգտագործման թղթե սպասք են շուկա հանում, հայաստանյան վաճառքներին զուգահեռ ապրանք արտահանում նաև Ռուսաստան ու հարևան Վրաստան։

Կարեն Պետրոսյան («Արտ գլոբալ» ընկերության տնօրեն) - Այս պահին արտադրում ենք բաժակների մոտ 15 չափ, ափսեների տեսականի ունենք՝ նորից չափսերով փոփոխվող: Հինգն են դրանք, ունենք թղթե ձողիկներ, լանչ-բոքսերի, բուրգերների տուփեր, ունենք թղթյա տոպրակներ:

Թղթե տոպրակների արտադրությունը 10 օր էլ չկա, ինչ սկսել են հոսքագիծը կարգաբերելու եկած չինացի ինժեների հսկողության ներքո։ Մտածում էին՝ շահագործման պրոցեսը բարդ կլինի, քանի որ սարքավորումն աշխատում է ամբողջական ցիկլով։ Բայց՝ ոչ․ խնդիր չունեն։ Գլանված մաքուր հումքը տեխնիկայի մի ծայրից մտնում, մյուսից պատրաստի ապրանքը դուրս է գալիս։ Ամբողջը՝ տպագրություն, ձևում-կտրում ու պայուսակի դիմացկունության համար ամենակարևորը՝ բռնակների ամրացում տեխնիկայի գործն է։

Անուշ Գրիգորյան («Արտ գլոբալ» ընկերության աշխատակից) - Ավտոմատ ինքը սոսնձով արվում ա, ամեն ինչ ավտոմատ ա արվում, մենք մենակ փաթեթավորում ենք:

Ցելոֆանե տոպրակներին ու պլաստիկե բաժակ-ափսեին փոխարինող, էկոլոգիան չաղտոտող, բնությունում քայքայվող թղթե տեսականի արտադրող այս ընկերությանը https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia պետությունը վերջերս արտոնություն տվեց՝ ազատեց 100 մլն դրամ մաքսատուրք վճարելուց։ Արդյունքում՝ բիզնեսն առաջիկայում 2 մլրդ դրամի հումք կներկրի երկիր։ Փորձում են ամբողջությամբ ավտոմատ ցիկլի անցնել նաև թղթե սպասքի արտադրության գործում։

Շավարշ Կարապետյան («Արտ գլոբալ» ընկերության արտադրամասի պետ) - Նախկինում մենք ստանում էինք կիսաֆաբրիկատը՝ արդեն պատրաստի, արտադրում էինք բաժակը, հիմա մենք գլանակները կտրում ենք, տպում, ամբողջական մենք ենք ստանում բաժակը:

Ձևված բաժակների փոխարեն մեծ գլանով արտադրության անցնելու շնորհիվ թուղթը խնայում են։ Քանի որ տպագրությունն արդեն իրենք են կազմակերպում, կարողանում են ավելի շատ բիզնեսների համար տարբեր պրինտերով պատվեր վերցնել՝ թվարկում է ընկերության տնօրենը։ Պլաստիկից հրաժարվելու մարդկանց միտումի՞ց է, թե՞ այլ պատճառով՝ շուկայում մեկանգամյա օգտագործման թղթե սպասքի պահանջարկը գնալով ավելանում է։

Կարեն Պետրոսյան - Տարեցտարի տոկոսային հարաբերությունը մոտավորապես 30 տոկոս փոփոխություն ա կրել, ու այժմ մենք ներդրումային ծրագրով նախատեսում ենք մոտ 40 տոկոս աճ:

Պատվերները հասցնելու համար ձեռնարկությունը մինչև 30 նոր աշխատող կընդունի։ Նրանց մի մասը գործի կանցնի թղթի վերամշակման արտադրամասում, որի հիմնումը ընկերությունը սկսել է ֆինանսական իր միջոցներով, բանակցություն սկսել երկրի ներսում թղթի թափոն կուտակող-հավաքողների հետ։ Մտադիր են ներկրվող հումքի մի մասն առաջիկայում փոխարինել հայկական, սեփական արտադրության թղթով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում