Երբեմնի ամայի այս տարածքում այսօր 6 հեկտարի վրա կեռաս է աճեցվում: Մասնագիտությամբ արևելագետը 2021 թվականին որոշեց զբաղվել այգեգործությամբ: Լսել էր, որ պետությունն աջակցում է, ու որոշեց օգտվել հնարավորությունից:
Խաչիկ Ազիզյան (Այգետեր) - Ցանկանում էին բիզնես անել, լսեցինք ծրագրի մասին, սկզբում դեղձ էինք ուզում, հետո կանգ առանք կեռասի վրա:
Նախ այգեգործության մասին գիտելիքների պաշար հավաքեց: Ինչպես տնկել, ջրել և պայքարել հիվանդությունների դեմ: Կեսկատակ կես լուրջ ասում է՝ այսօր արդեն ծառերի հետ կարողանում է նույնիսկ խոսել: Որ ինտենսիվ այգին արդյունավետ է՝ համոզվել է սեփական օրինակով:
Խաչիկ Ազիզյան - Առավել ևս եթե կաթիլային համակարգ գոյություն ունի, ջրի տնտեսում է տեղի ունենում մոտ 80 տոկոսով, հեշտանում է այգին ջրելը: Այգին բաղկացած է հակակարկտային ցանցերից և բերքը պաշտպանում է 100 տոկոսով:
Տնկիներն Իտալիայից են: Նորատունկ այգու առաջին պտուղները կհավաքեն հաջորդ տարի:
Խաչիկ Ազիզյան - Կառավարությունից ներդրված գումարը ետ ենք ստացել:
Նպատակ ունի ավելացնել հողատարածքը, մոտ 4 հեկտարի վրա կրկին ինտենսիվ այգի հիմնել, բայց արդեն դեղձենիներ կաճեցնի: Էկոնոմիկայի նախարարությունում ծրագրի արդյունքներից գոհ են. ինտենսիվ այգեգործության աջակցման ծրագիրը նպաստել է ոլորտի զարգացմանը:
Իռա Փանոսյան (ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Ե՛վ բերքատվությունն է բարձրանում, և՛ համախառն բերքն է ավելանում:
Պետական օժանդակությունը նպաստել է նաև այգիների ծավալների մեծացմանը: Եթե 2018 թվականին ներկայացվել էր 20 հեկտար, ապա 2021 թվականին՝ արդեն մոտ 1670 հեկտար ինտենսիվ այգի հիմնելու հայտ, իսկ միայն այս տարվա առաջին կիսամյակում ստացվել է շուրջ 900 հեկտարի հայտ:
Իռա Փանոսյան - Կառավարության ծրագրում որպես թիրախային արդյունք է դիտարկված, որ յուրաքանչյուր տարի պետք է 1000 հա ինտենսիվ այգի հիմնվի, և դրա շրջանակում ծրագրում լավարկում իրականացվեց, և բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, որպեսզի տնտեսվարողները այգեհիմնում իրականացվեն, և անցած տարվա արդյունքները, եթե մենք դիտարկում ենք շուրջ 1600 հեկտարի հայտ հաստատվեց, ինչը նշանակում է, որ մենք գերակատարել ենք Կառավարության թիրախային ցուցանիշը:
Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական ծրագիրն իրականացվում է վարկային և փոխահատուցման բաղադրիչներով: Հաշվի առնելով ծրագրի հաջող ընթացքը՝ Կառավարությունը որոշել է կրճատել ծրագրին հատկացվող գումարները և տնտեսված միջոցներն ուղղել գյուղատնտեսության այլ ուղղությունների ֆինանսավորմանը:
Իռա Փանոսյան - 2023 թ. հունվարի 1-ից վարկերը տնտեսվարողներին հասանելի կլինեն 5 տոկոս տոկոսադրույքով՝ նախկին 2 տոկոս էֆեկտիվ տոկոսադրույքի փոխարեն: Կրճատվում է նաև ինտենսիվ այգիների հիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափը՝ 50 տոկոսի փոխարեն սահմանվելով 30 տոկոս:
Ըստ Իռա Փանոսյանի՝ ծրագրում փոփոխությունները չեն բերի այգիների հիմնման ծավալների կրճատման: Պահպանվելու է ոռոգման արդիական համակարգերի ներդրման բաղադրիչը և 50 տոկոսը ծախսերի պետությունը կշարունակի փոխհատուցել: Ակտիվացել է կաթիլային ոռոգման համակարգեր ներդնողների քանակը: Այս տարվա առաջին կիսամյակում արդեն 300 հեկտարի հայտ է ներկայացվել: Պետությունը փոխհատուցում է ոչ միայն ջրավազանների, նաև խորքային հորերի կառուցումը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան













