Հունիսին արտերկրից Հայաստան է փոխանցվել 3 անգամ ավելի շատ գումար, քան նախորդ տարվա նույն ամսին

ԱԱրսեն Մկրտչյան

Արտերկրից շարունակվում է աննախադեպ ծավալի գումարների հոսքը դեպի Հայաստան՝ ֆիզիկական անձանց հաշիվներին: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալով՝ հունիսին քաղաքացիների հաշվին փոխանցվել է՝ 597 մլն 786 հազար դոլար: Սա 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, իսկ մինչ այս ռեկորդային համարվող ընթացիկ տարվա մայիսի համեմատ շատ է ավելի քան 185 մլն դոլարով: Գումարի գերակշիռը մասը՝ 452 մլն դոլարը, Ռուսաստանի Դաշնությունից է փոխանցվել, 62 մլն դոլարը՝ Միացյալ Նահանգներից, մնացածը՝ այլ երկրներից:

Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Չորս ամիսներին Ռուսաստանից Հայաստան միայն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները գերազանցել են 1 մլրդ դոլարը, էն դեպքում, երբ վերջին 2 տարիներին տարեկան ծավալը 900 մլն-ը չի գերազանցել:

Մասնագետների գնահատմամբ՝ սրան նպաստել է մի քանի գործոն՝ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիներն են գումար ստանում, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն են փոխանցում կատարում մեր երկիր, որոշ բիզնեսներ իրենց միջոցները տեղափոխում են Հայաստան:

Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Փողի հոսքը լավ է. եթե փողը գալիս է, նշանակում է՝ ինչ-որ դրական բաներ տնտեսության մեջ կան, կարելի է դնել-վերլուծել, ավելի խոր ուսումնասիրել: Հավանաբար, բանկային համակարգի կայունության մասին է վկայում:

Չնայած արտարժույթի մեծ հոսքը նպաստում է դրամի արժևորմանը և վնասում արտահանողներին, այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրական կողմերն անհամեմատ շատ են:

Արմեն Քթոյան - Ամենատարբեր ոլորտներում մենք ունենք տնտեսական ակտիվության բավականին բարձր մակարդակ, մենք ունեինք համավարակից հետո զգալիորեն նվազած ծառայությունների ոլորտ, կացության կազմակերպումը, սննդի կազմակերպումը, այլ ուղղություններում ևս... Էստեղ որոշակիորեն լրացնելու բան կա: Անշարժ գույքի շուկայում որոշակի, էսպես, հավելյալ աշխուժություն է նկատվում, ներդրումների առումով որոշակի ներդրումային աշխուժություն կա:

Կառավարության ֆինանսա-տնտեսական հատվածի պատասխանատուները պետք է քայլեր ձեռնարկեն, որ այս միջոցները հավելյալ արժեք ստեղծեն երկրի տնտեսության մեջ՝ նշում է Բագրատ Ասատրյանը:

Բագրատ Ասատրյան - Պետք է խրախուսել, որ էս փողը, էս ավելցուկը գնա դեպի տեխնոլոգիաների ներմուծումը, ներդրումային միջավայրը երկրում պետք է փոխվի, որ մասնավորը շահագրգռված լինի: Քանի որ էժան դոլար կա շուկայում, մասնավորը շահագրգռված լինի տեխնոլոգիաներ ձեռք բերել, ներմուծել և գործունեություն ծավալել Հայաստանում:

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա առաջին 6 ամսում արտերկրից ֆիզիկական անձանց հաշվին փոխանցվել է 1 մլրդ 870 մլն դոլար: Մասնագետները վստահ են՝ առաջիկա ամիսներին բարձր տեմպերը կպահպանվեն:
 

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում