Կաթի արտադրության ավելացում, 300 աշխատատեղ. կնքվել է պարենային անվտանգության ապահովման հուշագիր

ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլայ Պոդգուզով (Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ) - Մենք այս օրվան սպասել ենք շատ երկար:

Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահը այսպես կարճ և ուղիղ է բնորոշում այն նախագիծը, որը միավորել է Հայաստանի Կառավարությանը, Եվրասիական զարգացման բանկին և «Երեմյան ֆարմին»: Համագործակցության նպատակը Հայաստանում պարենային անվտանգության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ապահովումն է: Մինչ հուշագրի ստորագրումը կողմերը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ են քննարկել մանրամասները: Հուշագրի ստորագրմամբ տրվեց ծրագրի մեկնարկը:

Ներդրումային այս ծրագրով կառուցվելու է 1200 խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված տավարաբուծական և 6000 գլուխ խոզերի համար խոզաբուծական ֆերմա: Արդյունքում՝ նախատեսվում է կաթի արտադրության ավելացում մինչև 11000 տոննա, տարեկան շուրջ 1,5 տոկոս: Բացի ՀՆԱ-ի աճից, այն կտա նաև 300 նոր աշխատատեղ:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Թույլ է տալու Հայաստանում գոյանա ամենախոշոր անասնապահական համալիրն ու միայն ինքն իրենով փոփոխություն մտցնել գյուղատնտեսության մեջ, կլինեն նոր չափանիշներ նաև այլ ընկերությունների համար, կխթանեն այդ ընկերությունների մոդեռնացմանը:

Ներդրումային այս համաձայնագրի շրջանակում Եվրասիական զարգացման բանկը արտադրության ամբողջական ցիկլի զարգացման համար հատկացնում է 25 մլն դոլար: Այն ներառում է նաև քիչ արտադրողականությամբ կենդանիների փոխարինում ավելի բարձր եկամտաբերությամբ կենդանիներով, կերային կուլտուրաների աճեցման համար գյուղատնտեսական տարածքների ընդլայնում ու արդիականացում՝ նպատակը մսամթերքի և կաթնամթերքի արտադրությունը մեծացնելն է:

1,5 տարի և ընդհանուր 31 մլն դոլար արժեք ունեցող ներդրումային այս ծրագիրը Վայոց ձորում պատրաստ կլինի այսպիսի տեսքով:

Դավիթ Երեմյան («Երեմյան փրոջեքս» ընկերության գլխավոր տնօրեն) - Այն ծրագիրը, որը արվելու է, վերջին տեխնոլոգիաներով են իրականացվելու:

Դա մոտիվացիա է լինելու, որ նաև ցույց տանք, որ Հայաստանում կարճ ժամանակում կարող ենք տավարաբուծությամբ զբաղվել, որակյալ կաթ արտադրել, և այս ուղղությունը պետք է զարգացնել:

Նիկոլայ Պոդգուզով - Սա շատ մասշտաբային ծրագիր է, երբ մենք զարգացնում ենք արտադրողականությունը և ստանում էկոլոգիապես մաքուր արտադրանք: Մենք հույս ունենք, որ այն դեռ կընդլայնվի:

Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահը շեշտում է՝ սա Հայաստանում իրականացվող միակ նախագիծը չէ:

Պարենային, էներգետիկ անվտանգություն, լոգիստիկ խնդիրներ՝ Եվրասիական զարգացման բանկի ռազմավարության առանցքում այս ոլորտներն են:

Նիկոլայ Պոդգուզով - Այս օրերին նոր նախագծերի մասին հուշագրեր ենք ստորագրում շուրջ 100 մլն դոլարի ծավալի:

Նպատակաուղղված իրականացնում ենք մեր ռազմավարությունը Հայաստանում, շատ ծրագրեր կան, որ կարող են օգնել Հայաստանի տնտեսությանն ու բնակիչներին, ինչպես նաև կարող են լինել մասշտաբային եվրասիական բոլոր երկրների համար:

Վահան Քերոբյան - Հատկապես ուրախ եմ, որ Եվրասիական տնտեսական բանկը գործունեությունն ակտիվացրել է Հայաստանում և այս անգամ Հայաստանում է մի քանի նախագծերով: Կարևոր է, որ տարածաշրջանում աշխատող խոշոր ֆինանսական կառույցները նույնպես ակտիվացնեն իրենց գործունեությունը այստեղ, քանի որ տնտեսությունը զարգանում է, և զուգահեռ անհրաժեշտ են լինում նոր ֆինանսական միջոցներ:

2021-ին Եվրասիական զարգացման բանկն ընդունել է Հայաստանի հետ համագործակցության 2022-2026 թվականների զարգացման ռազմավարություն, որի առաջնահերթություններից է ագրոարդյունաբերական համալիրների արտադրողականության բարձրացման միջոցով պարենային անվտանգության ապահովումը: Արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել երկրի կախվածությունը առաջին անհրաժեշտության պարենամթերքի ներմուծումից:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում