Օլիմպիական մարզաձևերի ընտրանիների անդամներն անվճար բուժօգնություն կստանան

ՌՌոզա Խաչատրյան

Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները անվճար կօգտվեն հիվանդանոցային բուժօգնությունից, հատուկ և դժվարամարտչելի ախտորոշիչ հետազոտություններից, ստոմատոլոգիական և նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից: Կառավարության որոշումը գործում է հուլիսի 24-ից:

Քնար Ղոնյան (ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ) - Եթե մենք նախկինում ապահովում էինք ամբուլատոր բուժօգնությունը, և այն կազմակերպվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասում և սպորտային բժշկության բաժանմունքում, այս փոփոխության արդյունքում մեր օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների բոլոր անդամները հնարավորություն կունենան օգտվելու հիվանդանոցային բուժօգնությունից:

Հիվանդանոցային ծառայությունները կազմակերպվելու են այն բոլոր բժշկական կենտրոններում, որտեղ առողջապահության նախարարությունը տեղադրել է պետպատվեր: Այսինքն՝ և՛ վիրահատությունների, և՛ հետվիրահատական վերականգնողական բուժօգնության, և՛ ախտորոշիչ հատուկ ու դժվարամատչելի հետազոտության ծախսերը կհոգա պետությունը: Մարզիկն ազատ է ընտրել՝ որ հաստատությունում է ցանկանում վիրահատվել:

Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Պայմանավորվածություն ունենք կենտրոնի հետ, որ իրենք կոնկրետ բուժօգնությունը չկարողանան ցույց տալ, մենք կհամագործակցենք, իրենք ուղեգիր կտան և այլ բժշկական կենտրոններ կուղարկենք մարզիկներին՝ վճարելով նրանց բոլոր ծախսերը:

Տարիներ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կառուցված ու անհրաժեշտ սարքավորումներով կահավորված սպորտային բժշկության կենտրոնում մարզիկները ստանում են ամբուլատոր բուժօգնություն՝ կանխարգելումից մինչև բուժական, վերականգնողական միջոցառումներ և պարբերական զննություն:

Քնար Ղոնյան - Այս բարեփոխման ընթացքում մեր այն մարզիկները, ովքեր որոշակի ծանրաբեռնվածություն ունեն, ունենում են վնասվածքներ և վիրահատական միջամտության կարիք, այս փոփոխության արդյունքում պետությունն իրենց մատուցելու է բոլոր հիվանդանոցային ծառայությունները:

Ժամանակակից սպորտում առանց բարձրորակ բժշկության լավ արդյունք ակնկալելն անհնար է: Կառավարությունը բարձր կարգի մեդալների ու ապագա հաղթանակների համար փորձում է լավագույն պայմանները ստեղծել՝ նշում է Կարեն Գիլոյանը:

Կարեն Գիլոյան - Բացի այս բուժօգնությունից, մենք բավական լուրջ գումար ունենք նաև վիտամինիզացիայի համար, որն անձամբ մենք ենք իրականացնում՝ առանց առողջապահության օգնության: Որովհետև ամեն մի մարզիկ անհատականություն է, և այդ թիմի բժիշկը գիտի, թե այդ մարզիկին կոնկրետ որ վիտամինը կամ հավելումը կարող է օգուտ բերել:

Ազգային հավաքականների շուրջ 2000 մարզիկ կօգտվի անվճար բուժօգնությունից: Մարզիկը պետք է կենտրոնանա մարզումների և հաղթանակների վրա՝ վստահ լինելով, որ պետությունը հոգում է իր առողջության մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում