Հայկական գինիների համտես-ցուցադրություն՝ Մոսկվայում

ՀՀերմինե Բաղդասարյան

Հայկական գինիները Մոսկվայում համտեսի, ցուցադրության են ներկայացվել ռուս սպառողին հիշեցնելու՝ Հայաստանը միայն կոնյակ չէ որ արտադրում-արտահանում է։ Երկիրը նաև գինեգործության լավ ավանդույթներ ունի:

Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն) - Առաջին անգամ Ռուսաստանում ներկայացնում էինք հայկական գինիները, մասնակցում էր 24 ընկերություն, ունեցան մաստեր կլասներ:

Ի՞նչ սորտի խաղողից, ինչ փնջերով են պատրաստվում հայկական կամիր, սպիտակ, չոր անապակ, քաղցր, կիսաքաղցր ու փրփրուն գինիները․ հիմնադրամի ու «Արմվայն» ընկերության նախաձեռնությամբ՝ այս թեմաների շուրջ երկու օր շարունակ քննարկում-վարպետության դասեր են անցկացրել ռուսական շուկայում հայտնի գինու փորձագետները։

Վիտալի Մուզիչենկո (գինու փորձագետ, ՌԴ) - Գույնը տեսնում եք, չէ՞, այս գինու՝ մուգ կարմիր, գրեթե սև է, համտեսենք։ Երբ կուլ ես տալիս այն, շատ պայծառ, մրգային, ուժեղ զգացողություն է:

Հայկական մոտ 100 տեսակի գինի է ներկայացվել ցուցահանդեսին։ EXPO-ն այս անգամ թիրախ էր ընտրել ոչ թե սովորական սպառողներին, այլ ռուսական շուկայում ալկոհոլային խմիչքների գնահատման առումով կարծիք ձևավորող անձանց, նրանց ներկայացրել մեր ընկերությունների առաջարկները: Դրանք բոլորը Հայաստանի ու հայերի պես բուռն են, խիտ, առատ համերով՝ ասում են համտեսին մասնակցողները։

Առանձին քննարկում է անցկացվել նաև դեպի Հայաստան գինու տուրիզմը խթանելու նպատակով։ Ներկայացվել է բացառիկ Արենի քարանձավի պատմությունը, այն, որ գինեգործական մեծ ու փոքր  30 ընկերություն կարողանում է զբոսաշրջիկ ընդունել իր մառաններում, ցույց տալ խաղողահյութից աստվածների խմիչք ստանալու պրոցեսը։ Տեղում համտեսի սրահներ ունեն, կարելի է նաև ընթրիք պատվիրել, դեռ քիչ՝ բայց երբեմն էլ գիշերել խաղողի այգիներից ոչ հեռու իջևանատներում։ Խմբային կամ ընտանեկան այցերի համար ներկայացվել է նաև Հայաստանի հյուրանոցային բիզնեսի հնարավորությունները։

Յանա Լիտվինչուկ (գինու փորձագետ, տուրիստական ընկերության հիմնադիր) - Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 7-րդ տեղը հյուրանոցների որակ-գին հարաբերության առումով: Գինու համտեսի սրահները, գինու բուտիկների մեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաքում:

Ցուցահանդեսի 700 այցելու մասնակիցների մեծամասնությունը եղել են սոմելիեներ, բլոգերներ, առևտրային ու տուրիստական ցանցերի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ։ Մասնագետների այս խումբը ռուսաստանյան ռեստորաններին ու խանութներին արագ կկողմնորոշի՝ հայկական գինիներից ինչ ընտրել, ինչ խմբաքանակներով: Միջոցառումից հետո արտահանման ծավալների ավելացման են սպասում Երևանում։

Զարուհի Մուրադյան - Եթե մի քանի տարի առաջ մենք էինք իրենց դիմում՝ ներմուծող ընկերություններին, ու հիմնականում մերժում էին մեր առաջարկը, հիմա իրենք են դիմում և աշխատում են ոչ միայն մեծ, այլ փոքր ընկերությունների հետ։ Այս միջոցառումից հետո գրեթե բոլոր ընկերությունները առաջարկ են ստացել:

Գինեգործական որ ընկերությունն ի՛նչ հաջողություն է գրանցել այս դեպքում՝ կարևոր չէ այնքան, որքան նպատակը․ արտադրողներով, վերջապես, միավորվել ու առաջ մղել հայկական տեսականին։ Ռուս փորձագետների գնահատմամբ՝ խմիչքը լավն է, բիզնեսն ակտիվացնելու համար՝ ճիշտ ժամանակը։

Վլադա Լեսնիչենկո (գինու փորձագետ) - Ես կարծում եմ, որ հայկական գինին այստեղ կգտնի միլիոնավոր երկրպագուների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում