Վարշավայի ֆոնդային բորսան գնել է Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը ստորագրում են Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է՝ այս գործարքը շրջադարձային կարող է լինել Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ:

Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Մենք հավատում ենք, որ սա կարևոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առումով: Օգտագործելով Վարշավայի ֆոնդային բորսայի փորձն ու գիտելիքը՝ Հայաստանի ֆոնդային բորսան ունի ընդլայնվելու և հզոր ֆոնդային շուկա դառնալու լիարժեք ներուժ:

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք է բերել Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65.03 տոկոսը, Կենտրոնական բանկը կպահպանի 25.02 տոկոս մասնակցություն, մնացած 9.95 տոկոսը Հայաստանի ֆոնդային բորսայի սեփական բաժնետոմսերն են։

Հայկ Եգանյան (Հայաստանի ֆոնդային բորսային գլխավոր տնօրեն) - Այս իրադարձությունը կարևոր է ոչ միայն ֆոնդային բորսայի համար, այլև առհասարակ ամբողջ ֆինանսական համակարգի և կապիտալի շուկայի համար, որովհետև ՀՀ մուտք է գործում աշխարհի ամենակայացած ֆոնդային բորսաներից մեկը:

ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԱՅԻՆ ՔԱՅԼ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԲՈՐՍԱՅԻ ՀԱՄԱՐ. ԴԻԵՏԼ

Վարշավայի բորսայի համար ևս սա շատ լավ հնարավորություն է Եվրասիական տարածաշրջանում զարգանալու տեսանկյունից, ընդգծում է Մարեկ Դիետլը:

Մարեկ Դիետլ (Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ) - Սա անկյունաքարային քայլ է մեր բորսայի համար, եղել են դեպքեր, երբ մենք ներդրումներ ենք արել արտասահմանյան բորսաներում, բայց սա առաջին դեպքն է, երբ բաժնեմասի մեծամասնությունն ենք ձեռք բերում:

Գործարքի արժեքը շուրջ 873 մլն դրամ է, 499 մլն դրամը կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, մնացածը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։

Մարեկ Դիետլ - Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով բավականին լավ դիրք է զբաղեցնում աշխարհում, և մենք այստեղ պարարտ հող ենք տեսնում կապիտալի շուկան զարգացնելու համար: Պատշաճ կարգավորող դաշտ և խթաններ ապահովելու դեպքում Հայաստանը ներուժ ունի դառնալու Եվրասիական տնտեսական գոտու ֆինանսական Շվեյցարիան:

Երկու կողմն էլ վստահ են՝ գործարքը կնպաստի թե՛ Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացմանը, թե՛ կօգնի ներդրողին ընդարձակել իր շուկան:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում