Նորոգվում է Այգավան-Եղեգնավան ճանապարհի 2.9 կմ երկարությամբ հատվածը

ՌՌոզա Խաչատրյան

Այսպես օրվա ընթացքում մի քանի անգամ ջրցաններով փոշու «դեմն են առնում»: Այգավան-Եղեգնավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները համընկել են ծիրանի բերքահավաքի հետ:

Արարատի մարզով անցնող 2.9 կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհին այս պահին կատարվում են հողային, հին ասֆալտբետոնե ծածկի քանդման և նորի տեղադրման աշխատանքներ։

Դավիթ Ղազարյան (վարորդ) - Սա չորրորդն ա, չորրորդ երթը, մինչև իրիկվա 6-ը, որ հասցնենք:

Հասցնելը կհասցնեն, աշխատանքների վերջնաժամկետը աշնանն է, խոստանում են ավարտել հաջորդ ամսվա վերջին: Ճանապարհի 1.5 կմ-ն արդեն առաջին շերտի ասֆալտի ծածկույթ ունի:

Հրաչիկ Սարգսյան («Արարատճանշին» ՍՊԸ գլխավոր ինժեներ) - Հաջորդ 1.5 կիլոմետրը, մեզ թվում է, որ 1 շաբաթում կավարտենք ու կանցնենք վերին շերտի տեղադրմանն ու դաշտամիջյան ճանապարհների ասֆալտապատմանը: Ամեն մեկի մոտ 5-10 մ երկարությամբ տրված ա մտնել դեպի դաշտեր, որ չփչանա:

Տեղական նշանակության ավտոճանապարհը, որը միացնում է Այգավանը սահմանամերձ Եղեգնավանին, հիմնանորոգվում է պետբյուջեի միջոցներով՝ 259 մլն դրամ պայմանագրային արժեքով:

Հրաչիկ Սարգսյան - Ճանապարհի սկիզբն այստեղից է և 2.9 կմ դեպի մինչև Եղեգնավանի սկիզբը, բայց վարչապետը աշխատանքային այց կատարեց մարզ և հանձնարարեց ոլորտի պատասխանատուներին, որ կամրջի մոտեցումները նույնպես ասֆալտապատվեն, մինչև Հյուսիս-հարավը կհասնի էս կողմերը:

Մինչև նոր հանձնարարականը՝ նախագծով նախատեսված էր ճանապարհին առկա փոքր կամուրջների նորոգում։

Հրաչիկ Սարգսյան - ճանապարհի վրա տեղադրվել է 5 տեղով ոռոգման ջրերի խողովակներ, հները շատ շուտվանից էին դրված, փտած էին, դրանք փոխարինվել են: Կառուցվել է նոր երկաթբետոնե կամուրջ, սալերն են փոխարինվել՝ 12 հատ:

45 տարի շինարարի ձեռք չտեսած ճանապարհը կփոխի հարևան համայնքների բնակիչների կյանքի որակը՝ նշում են շինարարներն ու խոստանում՝ մինչև խաղողի բերքահավաք Այգավանի ու Եղեգնավանի բնակիչները նոր ճանապարհով կերթևեկեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում