Wildberries-ը հայ արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք է սկսել

ՀՀովհաննես Վարդանյան

Wildberries-ը հայ արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք է սկսել: Լոգիստիկ կենտրոնը Երևանում է:

Անֆիսա Ռոնժինա («Վայլդբերիզ» ընկերության մենեջեր) - Այս կենտրոնը հնարավորություն է տվել, որ «Վայլդբերիզը» գործակցի նաև տեղական արտադրողի հետ։ Արտադրողը պատվերի գրանցման պահին տեղեկանում է, որ պատվեր կա, և ապրանքը հասցնում է «Վայլդբերիզի» պահեստ։ Այդտեղից ապրանքը հասնում է գնորդին։

Տարատեսակ ապրանքների առցանց առքուվաճառքի հարթակը պատկանում է ռուսական ընկերության, սակայն աշխատում է ավելի քան 15 երկրում: Տարեկան առևտրաշրջանառությունը 2021-ին անցել է 13 մլրդ դոլարը: 2004-ին հիմնադրված ընկերությունը հայկական շուկա մտավ 2018-ին: 2021-ին ցանցն ընդլայնվեց՝ պատվերի ստացման կետեր բացելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության ամբողջ տարածքում:

Հայաստանում լոգիստիկ կենտրոնի բացումը կնպաստի Հայաստանում ձեռներեցության զարգացմանը,- վստահեցնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Պատասխանատու գերատեսչության մասնագետները պարբերաբար ընդունում են ռուսաստանցի գործընկերներին, քննարկում Վայլդբերիզի հնարավորությունները:

Լիա Հայրապետյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության պետ) - «Մարկետփլեյս» վաճառքի մոդելն առաջին փուլում հասանելի կլինի հայաստանցի ձեռներեցների համար երկրի ներսում միայն, այնուհետև նախատեսվում է ընդլայնել աշխարհագրությունը՝ ընդգրկելով այլ երկրներ ևս, այսինքն՝ գործիքի միջոցով տեղացի ձեռներեցները կարող են առցանց հարթակում իրականացնել ուղիղ վաճառքներ: 

Էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության պետը համոզված է՝ Հայաստանում բացված լոգիստիկ կենտրոնի միջոցով տեղական բիզնեսը ոչ միայն մրցունակ կդառնան երկրի ներսում, այլև հնարավորություն կունենան գրավել նոր շուկաներ:

Լիա Հայրապետյան - Կարծում ենք, որ սա նոր հնարավորություն է տեղացի բիզնես ներկայացուցիչների համար, որի կապակցությամբ շահագրգռված ենք, որպեսզի տեղեկացված լինեն և օգտվեն հնարավորությունից, ինչի կապակցությամբ ընկերությունը նախատեսում է օնլայն վեբինարների շարք: 

Առցանց վեբինարին մասնագետները բիզնեսին կտեղեկացնեն առցանց հարթակի հնարավորությունների, առավելությունների, օգտագործման եղանակների մասին:

Անֆիսա Ռոնժինա - Այժմ հայ արտադրողների համար առցանց գրանցման պարզեցված կարգ է գործում: Համոզված եմ՝ Հայաստանի հետ գործակցությունն առաջիկայում կընդլայնենք և այս քայլով կփորձենք նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, և ինչու ոչ՝ հայ արտադրողների օնլայն հարթակում ներկայացվածությանը: 

Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունն այս պահին ունի պատվերների ստացման 221 կետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում