ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով ավտոմեքենաներն ու պահեստամասերը թանկացել են նաև Հայաստանում

ՀՀայկ Նավասարդյան

Հիմա արդեն ռուսական «Լադան» ավտոսրահում 5.2 մլն արժի,
էժան թե թանկ՝ թանկացել են բոլոր մեքենաները, նոր խմբաքանակը մոտ 20 տոկոսով ավելի բարձր գին կունենա՝ տեղեկացնում է սրահի մենեջերը:

Արման Թադևոսյան (ընկերության մենեջեր) - Որովհետև էս ընթացքում արդեն ևս թանկացել են գործարանում, բացի դրանից, ռուբլու արժևորումը ևս բերելու ա իրա թանկացմանը:

Շուկայում մեքենաների գների բարձրացումը դեռ նախորդ տարվանից էր նկատելի՝ համավարակով պայմանավորված, այս տարի արդեն ռուս-ուկրաինական լարվածությունն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոլորտին երկրորդ հարվածը հասցրին:

Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Կրակի վրա յուղ լցվեց, հատկապես գնաճի տեմպերը ավելացան էներգակիրների, մետաղների համար: Մետաղների գները մոտ 1.5-2 անգամ թանկ են՝ ալյումինի, պղնձի, պալադիումի:

Մեքենաների գների վրա, տնտեսագետի գնահատմամբ՝ ազդում է նաև միջազգային բեռնափոխադրումների թանկացումը, նաև համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան, օրինակ՝ մեքենա արտադրողները տարբեր դետալներ տարբեր երկրներում են պատվիրում, դրանց փոխադրումը տեղից տեղ նորից գին է բարձրացնում:

Նարեկ Կարապետյան - Ռուս-ուկրաինական պատերազմը ազդեց հատկապես Սև ծովի փոխադրումների մասով, ապահովագրության սակագները աճեցին, եթե մինչև համավարակը 0.2 տոկոս էր, հիմա մինչև 10 տոկոսի է հասել, հսկայական չափով ավելացնում է գինը: Այս հանգամանքների ֆոնին ընդհանուր համաշխարհային շուկայում գնաճային ֆոն է ձևավորվել:

Ավտոշուկայում առկա խնդիրները նաև ավտոպահեստամասերին է անդրադառնում։ Մի մասը թանկացել է, մյուս մասի առումով պակասուրդ է նկատվում։

Խնդիրը հիմնականում կապված է  Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների պատժամիջոցների հետ։ Պարզվում է՝ այդ պատճառով Ռուսաստանում ավտոմասերի գները մոտ 80-100%-ով բարձրացել են, իսկ Հայաստանը հիմնականում հենց Ռուսաստանից էր պատվիրում դրանք:

Որպես այլընտրանք ներմուծողները փորձում են Դուբայից ավտոպահեստամասեր ներկրել, այս դեպքում էլ նշում են՝ բեռնափոխադրումներն են թանկացել: Մասնագետների կարծիքով՝ ոլորտում գները կկարգավորվեն ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ավարտից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում