Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի դանդաղում, սակայն իրավիճակը կարող է փոխվել

ԼԼիլիթ Ասատրյան

Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում՝ ակնկալելով 1.2 տոկոս աճ: Կառույցի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում է նշվում: Համաշխարհային բանկը թեև հաշվի է առել հարկային հավաքագրումների տեմպը և առաջին եռամսյակի 9.6 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշը, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ կանխատեսել է աճի դանդաղում:

Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Համաշխարհային բանկի հաշվարկները հիմնված են կոնկրետ ժամանակահատվածի համար՝ կոնկրետ իրադրության պայմաններում: Դրանք վստահաբար փոփոխվելու են՝ կախված այս ճգնաժամի հակամարտության տևողության հետ: Օրինակ՝ եթե հակամարտությունը ավարտվի մյուս ամիս, Համաշխարհային բանկը նոր ուսումնասիրություններ կիրականացնի և այլ արդյունք կստանա:

Մասնագետների գնահատմամբ զեկույցը հիմնված է փաստերի և մաթեմատիկական հաշվարկների վրա, սակայն միշտ չէ, որ դրանք ճշգրիտ են լինում:

Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Համաշխարհային բանկի կանխատեսումները այս տեսանկյունից ինչ-որ առումով աճի դանդաղեցման կամ բացասական գործընթացները հաջորդ 3 եռամսյակների վրա տեղափոխելու տրամաբանություն ունեն, բայց պետք է նշենք, որ, սովորաբար, մեր տնտեսական ակտիվության առումով մեր 2-րդ, 3-րդ և հատկապես 4-րդ եռամսյակները լինում են ավելի ակտիվ և ունեն ՀՆԱ-ի ավելի մեծ տեսակարար կշիռ:

Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ առաջին եռամսյակում արձանագրված 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կարող է նպաստել՝ հետագայում ավելի լավ արդյունք գրանցելու համար:

Սերգեյ Բագրատյան - Գուցե Համաշխարհային բանկը, գլոբալ առումով, իր հաշվարկներում մեթոդիկան ճիշտ տեղադրել է, բայց նաև լոկալ իմաստով Հայաստանի Հանրապետության ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում կարող ենք մենք այլ թիվ արձանագրել:

Մասնավորապես՝ կառավարությունը թիրախավորել է տարեկան 7 տոկոս տնտեսական աճ և նաև լավագույնի դեպքում մինչև 9 տոկոս, կարող եմ ասել, որ ենթադրելի է, որ մենք 4-5 տոկոսի սահմաններում կարող ենք թիրախավորել, և այդ նպատակը իրագործելի եմ համարում:

Համաշխարհային խոշոր խաղացողների վերադասավորումները միշտ էլ զարգացող տնտեսությունների վրա բացասաբար են ազդել, Հայաստանը ևս անմասն չի մնա այդ զարգացումներից, սակայն ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում հնարավոր է իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալ:

Վիլեն Խաչատրյան - Կարծում եմ՝ մենք կունենանք որոշակի առումով ավելի բարձր տնտեսական աճ: Իհարկե, սա որոշակի առումով ինտուիտիվ մակարդակով է զգացվում, երբ որ ցուցանիշների համադրության մեջ ես դա դիտարկում:

Հայաստանի Կենտրոնական բանկը ևս այս տարվա համար նվազեցրել է իր կանխատեսումը՝ ակնկալելով 1.6 տոկոս տնտեսական աճ, սակայն մասնագետները վստահ են՝ առաջիկա ամիսներին կանխատեսումները կփոփոխվեն դեպի դրականը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում