Կամերային նվագախումբը կմասնակցի Մոսկովյան միջազգային փառատոնին

ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմասնակցի մայիսի 17-20-ը Մոսկվայում անցկացվող Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին: Կամերային նվագախմբի համերգը, որը տեղի կունենա մայիսի 18-ին՝ Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում, կղեկավարի դիրիժոր Անտոն Շաբուրովը, մենակատարը Սոնա Բարսեղյանն է:

Անտոն Շաբուրով (դիրիժոր) - Կամերային նվագախմբի հետ սա արդեն 2-րդ համագործակցությունն է, մեր առաջին ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին: Փառատոնին մասնակցելու հրավերը նվագախմբի կողմից էր, իսկ փառատոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետի հետ վաղեմի ընկերներ ենք: Ինքն էլ շատ ուրախացավ, որ նվագախումբն ինձ է ընտրել համերգը ղեկավարելու համար:

Համերգի ընթացքում հնչելու են հայկական ստեղծագործություններ, այդ թվում՝ Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիան» լարայինների և գոսերի համար աշխատանքը: Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնը կնշանավորվի միանգամից 3 հոբելյանով:

Գարեգին Սարգսյան (Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող) - Այս տարի մենք նշում ենք Կամերային նվագախմբի հիմնադրման 60-ամյակը, որը համընկնում է Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի հետ ու նաև հրավիրող կողմի նվագախմբի 30-ամյակն է, որտեղ որ ելույթ ենք ունենալու:

Փառատոնին ընդհանուր առմամբ մասնակցում է 5 նվագախումբ, այդ թվում՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որը մայիսի 19-ի հոբելյանական համերգին կկատարի այդ օրվա համար գրված ստեղծագործություններ:

Ֆելիքս Բաբուրյան (Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն) - Ուզբեկստանի մենակատարներ, Մոսկվայի մենակատարներ, Նիժնի Նովգորոդի մենակատարներ, Նովոսիբիրսկի կամերային և Հայաստանի պետական նվագախումբը: Մայիսի 19-ին նվագախմբերը կկատարեն երկու ստեղծագործություն, դիրիժորը հենց Յուրի Բաշմետն է լինելու:

Մոսկվա մեկնելուց առաջ վերջին շտկումներն են: Դիրիժոր Անտոն Շաբուրովը Հայաստանում է՝ Կամերային նվագախմբի հետ գլխավոր փորձն անցկացնելու:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում