Կառավարությունն աջակցում է գինի արտադրող ընկերություններին

ԼԼիլիթ Ասատրյան

Եթե առաջիկայում աշխարհահռչակ հյուրանոցների ճաշացանկում հանդիպեք հայկական արտադրության գինու՝ չզարմանաք: Հայկական գինին սկսել է հետաքրքրել եվրոպացի քմահաճ սոմելիեներին: Որակն է բարձրացել՝ ասում է գինի և կոնյակ արտադրող ընկերության կոմերցիոն տնօրենը:

Տիգրան Հովհաննիսյան («Մանուկյան կոնյակի գործարան» ընկերության կոմերցիոն տնօրեն) - Միակ գրավականը մեր արևն ա, մեր լեռներն են, մեր ջուրն ա, որը ճիշտ մշակման դեպքում կարողանում ենք ստանալ բարձր որակի գինի:

Հայկական գինու որակի բարձրացմանը նպաստել են նաև կառավարության իրականացրած աջակցության ծրագրերը: Հայ արտադրողները հնարավորություն են ստացել թանկարժեք սարքավորումներ ներկրել:

Տիգրան Հովհաննիսյան - Սարքավորումների մաքսազերծումը բավականին թանկ հաճույք էր, կառավարության շնորհիվ մենք կարողացանք ավելի բարձր որակի, ավելի բարձր մակարդակի սարքավորումներ ներմուծենք:

Կոնյակի թորման պրոցեսը վստահել են ֆրանսիական սարքավորմանը, մարդկային գործոնը նվազագույնի է հասցված: Իսկ իտալական կաղնուց պատրաստված այս տակառները գինուն տալիս են յուրահատուկ համ ու հոտ, որից հետո գինին արդեն հնեցվում է եվրոպական, ամերիկյան և հենց տեղում արտադրվող տակառներում:

Խաչիկ Խաչատրյան (գինու թորման արտադրամասի պատասխանատու) - Ամբողջովին նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվում, հիմնականում՝ իտալական արտադրության նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ:

Ֆրանսիական այս սարքավորումը հնարավորություն է տալիս գինին թորել մոտ 10 րոպեում և շատ արագ որոշել որակական հատկանիշները, որը նախկինում ավելի երկար ժամանակ էր պահանջում: Հնեցումից՝ մինչև շշալցում՝ գինու արտադրության ամբողջ գործընթացը վերահսկվում է ժամանակակից այս սարքավորումների միջոցով:

Աշոտ Մխիթարյան (լաբորատորիայի վարիչ) - Ընկերությունը նախատեսում է տարեկան արտադրել մոտ 300 հազար շիշ գինի: Արտադրանքը հիմնականում արտահանվում է: Եթե այս ընկերությունը սպառման հիմնական շուկա է դիտարկում եվրոպականը, ապա հայ արտադրողների համար լայն հնարավորություն է ստեղծվել նաև ռուսական շուկայում, որտեղ, ըստ փորձագետների, ներկրվող ալկոհոլային խմիչքների դեֆիցիտ է առաջացել:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում