Ռուբլին վերակենդանացման նշաններ է ցույց տալիս, սակայն տնտեսագետները խորհուրդ չեն տալիս կուտակել

ՄՄուշեղ Իսախանյան

Ռուսական ռուբլին` ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում, վերջին օրերին դանդաղ քայլերով արժևորվում է: Հիմա որոշ բանկերում կամ փոխանակման կետերում հնարավոր է 1 ռուբլու դիմաց անգամ 6.5 դրամ ստանալ: Մինչդեռ մարտի սկզբից սկսած ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ռուբլին կտրուկ արժեզրկվել էր՝ ընդհուպ հասնելով 3 դրամի:

Ռուսաստանի կենտրոնական բանկն ու կառավարությունը կոշտ քայլեր ձեռնարկեցին՝ ազգային արժույթի կայունությունը ապահովելու համար:

Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան- Քանի որ ռուսական ռուբլու փոխարժեքը հիմնված է նաև հումքի վրա՝ Ռուսաստանից արտահանվող նավթի, գազի և մետաղական հանքանյութերի վրա, ապա էդ առումով պետք է նշեմ, որ բավական բարձր գներ են արձանագրվել համաշխարհային շուկայում, և դա, բնականաբար, նպաստել է ռուսական ռուբլու ամրապնդմանը:

Ռուբլու արժևորման մյուս պատճառներից է էներգակիրների և այլ ապրանքների առևտուրը ռուբլով կատարելու հանգամանքը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո հարյուրավոր միջազգային ընկերություններ լքեցին ռուսական շուկան: Դաշնությունում մի իրավիճակ ստեղծվեց, երբ դոլարի առաջարկն ավելի մեծ էր, քան պահանջարկը:

Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ- Այս պայմաններում դոլար պետք է գնեն հիմնականում խոշոր ընկերությունները, քաղաքացիների պահանջարկը 6 տոկոս է կազմել Ռուսաստանի ֆինանսական շուկայում, հիմնականում բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների կողմից են առաջարկ ներկայացվել, իսկ հիմա, քանի որ բազմաթիվ բանկեր արդեն սանկցիայի տակ են ընկել, հիմնականում ստիպված են լինում իրենց դոլարային ակտիվները փոխարինել ռուբլով ակտիվների, և սա ևս նպաստել է ռուբլու գերարժևորմանը:

Եթե արտասահմանյան ընկերությունները շարունակեն դուրս գալ ռուսական շուկայից, աշխարհի հետ առևտրային հարաբերությունները պահպանեն այսօրվա տեմպը, ապա երկարաժամկետ կտրվածքով ռուբլին իր արժեքը չի կարողանա պահպանել՝ կարծում է Սոս Խաչիկյանը: Նրա համոզմամբ՝ ներկայիս արժևորումը Ռուսաստանի գլխավոր դրամատան որդեգրած քաղաքականության արդյունք է, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց մինչև 20 տոկոս, հետո աստիճանաբար նվազեցվեց՝ 17, հիմա արդեն 14 տոկոս:

Սոս Խաչիկյան - Սա ուղղակի կարճ ժամանակահատվածում բավականին կտրուկ քայլերի արդյունք էր, որի ազդեցությունը մենք տեսնում ենք:

Ռուբլին Հայաստանում մեծ տարածում ունեցող արժույթ է, ռուբլու մեծ քանակը ձևավորվում է տրանսֆերտներից և ԵԱՏՄ շուկայում առևտրից: Եվ քանի որ հիմա ԵԱՏՄ-ում առևտուրը մեծ մասամբ ռուբլով է իրականացվում, ու մեր երկրի առևտրում դոլարի պահանջարկը կնվազի, սա կնպաստի նաև դրամի արժևորմանը՝ պնդում է Կարեն Սարգսյանը:

Կարեն Սարգսյան - Այս միտումները ևս ազդելու են փոխարժեքների՝ թեկուզ որոշ ժամանակ այս միջակայքում մնալու վրա:

Եվ որքան էլ ռուսական արժույթը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս, տնտեսագետները հորդորում են գայթակղությանը չտրվել և մեծ քանակով ռուբլի չկուտակել: Արժույթը կարող է որոշ ժամանակ դեռ տատանվել այսօրվա մակարդակում, բայց թե ինչ կլինի հետո՝ տնտեսագետները դժվարանում են կանխատեսել. այս հարցում մեծ դեր ունի նաև ռազմաքաղաքական իրավիճակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում