Հարկային արտոնություն՝ ՏՏ ոլորտին

ԼԼիլիթ Ասատրյան

Ռուսաստանից և Բելառուսից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ 30 հազար մասնագետ է տեղափոխվել Հայաստան: Մեր երկիրը նախընտրողների թիվը շարունակում է ավելանալ՝ ասում է Armenian Code Academy-ի համահիմնադիր Նարեկ Ասլիկյանը: Բազմաթիվ ընկերություններ ևս տեղափոխվում են Հայաստան:

Նարեկ Ասլիկյան (Armenian Code Academy-ի համահիմնադիր) - Անձամբ ես վերջին երեք շաբաթվա ընթացքում ավելի քան հազար հոգու հետ շփվել եմ, որոնք ուզում են տեղափոխվել Հայաստան և այստեղ աշխատանք գտնել:

Հայաստան կարելի է գալ հեշտացված կարգով, կարևոր է նաև այն, որ այստեղ անվտանգ է՝ ասում է Ասլիկյանը: Ռուսներն ու բելառուսները Հայաստանը դիտարկում են եվրոպական և ամերիկյան շուկաների հետ աշխատելու հիանալի միջոց:

Նարեկ Ասլիկյան - Էն մարդիկ, որոնք անգլերեն գիտեն, իրանք տեղափոխվում են Հայաստան, գտնում աշխատանք և աշխատում ամերիկյան շուկայի հետ:

Եթե կարողանանք բարենպաստ պայմաններ ստեղծել ժամանածների համար, և Հայաստանը դառնա նրանց գործունեության մշտական վայրը, ապա դա Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա՝ համոզված է Ասլիկյանը:

Նարեկ Ասլիկյան - Չեմ կարծում, որ 15 տոկոսից ավելին կմնա, բայց պետք է հաշվի առնել, որ զգալի մասը տեղափոխվել է իրենց կազմակերպություններով:

Չնայած Ռուսաստանից և Բելառուսից Հայաստան տեղափոխվածների ոչ փոքր թվին, Հայաստանի ամենապահանջված և ամենաբարձր վարձատրվող՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այս պահին 5000 մասնագետի կարիք կա:

Նարեկ Ասլիկյան - Ընդհանրապես հնարավորություն չկա նոր փորձառու մասնագետ գտնելու Հայաստանում, այսինքն՝ միակ տարբերակը աճեցնելն է, երկրորդ տարբերակը առաջ կար՝ դրսից մեծ քանակությամբ մարդկանց բերելու, քովիդից հետո դա բարդացավ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պակասը լրացնելու համար Կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկում: Այսուհետև նոր ստեղծվող աշխատատեղերի համար կվերադարձվի վճարված եկամտային հարկի 50 տոկոսը:

Հրաչյա Մուրադյան (ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ) - Այն կազմակերպությունները, որոնց իրացումից շրջանառության 90 տոկոսից ավելին ձևավորվում է հենց տեղեկատվական ոլորտում, կամ այն կազմակերպությունները, որոնց մասնագետների 90 տոկոսից ավելին ՏՏ ոլորտին առնչվող են, ապա կտրամադրվի օժանդակություն:

Այդ կազմակերպություններում մարտի 1-ի դրությամբ գոյություն ունեցող աշխատատեղերի քանակը պետք է ավելանա առնվազն 50-ով, և մարտի 1-ին նախորդող վերջին վեց ամսվա ընթացքում իրենք չպետք է եկամտային հարկ վճարած լինեն։ Այսինքն՝ խոսքը բոլորովին նոր ստեղծվող աշխատատեղերի մասին է:

Հրաչյա Մուրադյան - Նոր ներգրավված 50-ից ավելի աշխատակիցների կես եկամտահարկը կվերադարձվի:

Ծրագրի նպատակն է նաև հարկային դաշտ բերել այն կազմակերպություններին կամ անհատներին, որոնք աշխատում են ստվերային դաշտում:

Հրաչյա Մուրադյան - Մինչև 2023 թվականի մայիսի 1-ը շահառուները հնարավորություն ունեն դիմելու և պահանջներին բավարարելու դեպքում արդեն այս տարվա մարտ ամսից սկսած յուրաքանչյուր ամսվա համար այդ աջակցությունը ստանալու:

Այս քայլով Կառավարությունը խթանում է ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումն ու մրցակցության բարձրացումը: Ծրագիրը պիլոտային է, որի դրական արդյունքի դեպքում այն կկիրառվի նաև այլ ոլորտներում:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում