ԼԼիլիթ Ասատրյան

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է պարենային անվտանգության թեմայով ընդգրկուն աշխատաժողով

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է պարենային անվտանգության թեմայով ընդգրկուն աշխատաժողով

Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների փոխնախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնի մի շարք պաշտոնյաներ և ոլորտին առնչվող այլ ներկայացուցիչներ։ Միջոցառմանն առցանց եղանակով մասնակցել է նաև Պարենի համաշխարհային ծրագրի գլխամասային գրասենյակի պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանն ընդգծել է պարենային անվտանգության կարևորությունը և նշել․

«Այսօր առավել քան կարևորվում է պարենային անվտանգությունը՝ պայմանավորված հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակներով։ Այս համատեքստում շատ կարևոր է ունենալ ընգրկուն գործողությունների պլան, որը հնարավորություն կտա արագ արձագանքել փոփոխվող միջավայրին, կլիմայի փոփոխություններին, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումներին՝ ստեղծված իրավիճակներում համարժեք գործողություններ ձեռնարկելու համար։ Պարենային անվտանգությունը պետք է դիտարկել որպես տնտեսության զարգացման հիմք»։

Արման Խոջոյանը կարևորել է ռազմավարության մշակման գործընթացում տարբեր գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներգրավումը և նշել, որ հարկավոր է համակարգել աշխատանքները, տարանջատել գերատեսչությունների դերը, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել միմյանց և սինխրոնիզացնել տարբեր գերատեսչությունների գործողությունները։ Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն մեկ անգամ ևս վերահաստատել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հանձնառությունը և պատրաստակամությունը օգնելու ռազմավարության մշակման գործում։

Դաուն Խանը տեղեկացրել է, որ 2,5 շաբաթ Հայաստանում եղած ժամանակահատվածում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմի հետ հանդիպումներ են ունեցել որոշ գերատեսչությունների ղեկավարների հետ և նշել, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները ներդնել փաստաթղթի մշակման աշխատանքներն իրականացնելու գործընթացում։ Պարենային անվտանգության շրջանակում դիտարկվել է պարենամթերքի արտադրության զարգացումից բացի, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների դերը, շոկային իրավիճակներին արագ արձագանքման համակարգերի անհրաժեշտությունը, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և գիտական տվյալների բազայի կարևորությունը, նաև մարդկային ռեսուրների զարգացման, քաղաքացիներին իրազեկման և կրթական այլ միջոցառումները։

Ծավալված քննարկման ընթացքում կարծիքներ և տեսակետներ են փոխանակվել ռազմավարության փաստաթղթի և գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների վերաբերյալ։ Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են միասնական աշխատելու իրենց պատրաստակամությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ պարենային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով, սահմանվել են հստակ ժամկետներ աշխատանքների իրականացման համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում